կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հաշմանդամության խումբը փոխվում է, եթե անդամահատում ունեցող պատերազմի մասնակիցների մոտ ֆունկցիան վերականգնվում է. ԱՍՀ նախարար

Հաշմանդամության խումբը փոխվում է, եթե անդամահատում ունեցող պատերազմի մասնակիցների մոտ ֆունկցիան վերականգնվում է. ԱՍՀ նախարար

Հարցը մշտապես գտնվում է ԱՍՀ նախարարության ուշադրության կենտրոնում: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի հարցին այն մասին, թե ինչո՛ւ է պատերազմի հետևանքով տուժածների հաշմանդամության կարգում փոփոխություն կատարվում՝ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Բժշկական փորձաքննությունը տեղի է ունենում առողջապահական համակարգից, այսինքն՝ բժիշկներից կազմված բժշկասոցիալական փորձաքննության հատուկ հանձնաժողովների կողմից, որոնք գնահատում են ոչ միայն անձի բժշկական առողջապահական, առողջական կարգավիճակը, այլ նաև ֆունկցիոնալությունը, և ըստ ֆունկցիոնալության գնահատական է տրվում, թե ինչու է փոփոխություն կատարվում նրանց հաշմանդամության կարգի մեջ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ  ամպուտացիաներ ունեցող պատերազմի մասնակիցները, երբ որ ստացել են հաշմանդամության որոշակի խումբ, դա տեղի է ունեցել  մինչև պրոթեզավորման գործընթացն անցնելը: Այդ ժամանակահատվածում, ըստ էության, մեր զինվորներն ունեցել են ֆունկցիոնալության խնդիր, հետևաբար այդ ժամանակահատվածում, շատ հնարավոր է, որ ստացած լինեն առաջին խումբ, իսկ պրոթեզավորման փուլին հասնելու համար հաճախ ունեցել ենք տղաներ, որոնք սպասել են մեկ տարի, հետևաբար, պրոթեզավորումը ստանալուց հետո տեղի է ունենում վերափորձաքննություն, որի արդյունքում որոշում է կայացվում, եթե ֆունկցիան վերականգնվել է, ունի շարժունակություն, հաշմանդամության կարգում փոփոխություն է կատարվում»,- նշեց Նարեկ Մկրտչյանը:

Բացի դրանից, նախարարը նշեց՝ որոշում է կայացվել, որ եթե, օրինակ՝ ի սկզբանե պատերազմից հետո զինծառայողը ստացել է հաշմանդության 1-ին կամ 2-րդ խումբ, և հետո վերափորձաքննության արդյունքում անցել է 3-րդ խումբ, 3 տարի ժամկետով իր սոցիալական երաշխիքները պահպանվում են, բայց չի վիճարկում բժշկասոցիալական փորձաքննության տված եզրակացությունը: 

  • Կիսվել: