Հայաստանը սոցիալ-տնտեսական զարգացման հիմքում կարևորում է գենդերային բաղադրիչի ներառումը. Նարեկ Մկրտչյանը ՄԱԿ-ում
Մարդկային զարգացումը որպես հնարավորությունների ընդլայնման գործընթաց չի կարող կայանալ, երբ մարդկության կեսի հնարավորություններն ու իրավունքները սահմանափակ են. Այս առումով, գենդերային հավասարության ապահովումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մեծ ձեռքբերումներից է: Այս մասին ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին իր ելույթում նշել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նա հանդես է եկել որպես ՀՀ կողմից հիմնական զեկուցող՝ ներկայացնելով կանանց իրավունքներին և հնարավորություններին առնչվող հիմնահարցերը, ոլորտային առաջնահերթություններն ու առկա խնդիրները։ Այս մասին տեղեկանում ենք ԱՍՀ նախարարությունից:
«Գենդերային անհավասարությունն ու խտրական վերաբերմունքը, ռեսուրսների անհամաչափ հասանելիությունը յուրաքանչյուր հասարակության համար առաջընթացի լուրջ խոչընդոտ են։ Եվ Հայաստանը, լինելով ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն, սոցիալական և տնտեսական զարգացման հիմքում կարևորում է գենդերային բաղադրիչի ներառումը»,- ասել է նա:
Նախարարը նշել է, որ Հայաստանը վավերացրել է միջազգային մի շարք փաստաթղթեր, որոնց դրույթների կիրարկման ապահովումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամենօրյա աշխատանքն է:
Վերջինիս խոսքով՝ ՀՀ կառավարությունը, կարևորելով կանանց տնտեսական զորեղացումը, ներուժի բացահայտումն ու մասնագիտական կարողությունների զարգացումը, շարունակում է անհրաժեշտ ջանքեր ներդնել՝ իրականացնելով ծրագրեր ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև հանրապետության տարբեր մարզերում։
Նախարարն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության կողմից ընտանիքում բռնության դեմ պայքարին ուղղված աշխատանքներին, իրականացվող գենդերազգայուն ծրագրերին։
Հիշեցնենք, որ ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի գերակա թեման և նախարարական հատվածը նվիրված են թվային ժամանակաշրջանում նորարարությանը, տեխնոլոգիական փոփոխություններին և կրթությանը՝ գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների առաջխաղացման համատեքստում։
Նստաշրջանին մասնակցում են ՄԱԿ անդամ պետությունների, ՄԱԿ կառույցների, Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) կողմից հավատարմագրված ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) բարձրաստիճան ներկայացուցիչներ աշխարհի բոլոր տարածաշրջաններից: