շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մինչև 2050 թ. անհրաժեշտ է կրկնապատկել ՀՀ տարածքում առկա անտառային տարածքները. Թամոյան

Մինչև 2050 թ. անհրաժեշտ է կրկնապատկել ՀՀ տարածքում առկա անտառային տարածքները. Թամոյան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ Սամվել Թամոյանի կարծիքով՝ անհրաժեշտ է մինչև 2050 թվականը Հայաստանի տարածքում առկա անտառային տարածքները կրկնապատկել: Նա այս մասին ասաց այսօր լրագրողների հետ զրույցում:

Քանի որ Հայաստանի անտառային տարածքները կազմում են ընդամենը 10-ից 11-%, դրանք, Թամոյանի խոսքով, էկոլոգիական առումով ոչ մի նախադրյալ չեն ստեղծում լանդշաֆտների և առհասարակ՝ ամբողջ հանրապետության էկոլոգիական վիճակը բարեկարգելու համար, ուստի անտառային տարածքներն անհրաժեշտ է կրկնապատկել:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Անտառտնկումը, իհարկե, մեր մարտահրավերն է, որ պետք է կատարենք, բայց երկու շատ կարևոր հարց կա՝ որտե՞ղ ենք տնկելու անտառը և ի՞նչ տնկանյութ ենք օգտագործելու:

Եթե մոտավորապես այսօրվա անտառային մակերեսների չափ մակերես հատկացնենք նորից անտառային տարածքի, հանրապետության գյուղատնտեսությունը լրջորեն կտուժի, մենք այդքան տարածքներ չունենք, իսկ չտնկել էլ պարզապես չենք կարող, մեր լանդշաֆտները պահպանելու համար այն խիստ անհրաժեշտ է: Հետևաբար, տնկումը պետք է իրականացվի հենց գյուղատնտեսական օգտագործման միջավայրում՝ ագրոլանդշաֆտում, և դա պետք է անել պարզապես չօգտագործվող, այլ նպատակի համար ոչ պիտանի՝ քարակույտերով և աղբով պատված տարածքներում, որոնք մեր հանրապետությունում շատ են: Մեր պատկերացմամբ՝ հենց սրանք էլ պետք է լինեն մեր անտառային զանգվածի ապագա տարածքները՛՛:

  • Կիսվել: