Միկրոավտոբուսների համար կայանատեղի լինելու է, բայց ոչ ձեր ուզած տեղում. տրանսպորտի վարչության պետը՝ ցուցարարներին
Տուրիստական ավտոբուսների եւ միկրոավտոբուսների համար կայանատեղի լինելու է, բայց դա չի նշանակում, որ պետք է ձեր ուզած տեղում լինի: Այս մասին Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող տուրիստական միկրոավտոբուսների վարորդներին ասաց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը:
«Հիմա միջանկյալ լուծումներ ենք փորձում գտնել, մինչեւ վերջնական կարգավորումը: Մենք Սախարովի հրապարակում նայել ենք, նաեւ հանրապետության հրապարակի տարբերակն ենք նայել: Շուտով գծագիրը կլինի, ձեզ կներկայացնենք, բայց դա չի նշանակում, որ պետք է հենց հրապարակի շատրվանների դիմաց լինի ու վերջ»,-ասաց Գալստյանը:
Դիտարկմանը, որ կանոնակարգման փուլը կարող է տեւել 6 ամսից մեկ տարի, վարչության պետն արձագանքեց.
«Դրա համար էլ մենք որոշել ենք մինչեւ այդ 6 ամսից մեկ տարին լրանալը, ձեզ համար տեղեր առանձնացնենք՝ գծանշումներով, որպեսզի դուք կարողանաք աշխատել»:
Էդգար Գալստյանը նշեց, որ մինչեւ օրվա վերջ այդ տեղի հարցը կլուծվի, իսկ ընտրված տեղը կլինի քաղաքի փոքր կենտրոնում:
Այս պահին քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա են անում տուրիստական միկրոավտոբուսների վարորդները: Նրանք բողոքում են որոշման դեմ, որով արգելվում է ավտոմեքենաները կայանել Հանրապետության հրապարակում:



