Միջնակարգ կրթությունը, սոցցանցերի էջերը ներկայացնելը պարտադիր է, բարձրագույն կրթությունը, աշխատանքային փորձը՝ ոչ. ԱՆ-ն պարեկային ծառայության համար 15-17 մլն եվրո կծախսի
Կառավարությունը 2019թ. դեկտեմբերին մեկնարկած ոստիկանության ոլորտի լայնածավալ բարեփոխումների համատեքստում նախաձեռնել էր Ոստիկանության պարեկային ծառայության ստեղծում, որն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
Արդարադատության նախարարության այդ ծրագրի իրականացման համար կծախսվի 15-17 մլն եվրո: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնել են Արդարադատության նախարարությունից։ Նշված գումարի մի մասը տրամադրվելու է ՀՀ պետբյուջեից, մի մասը՝ միջազգային գործընկերներից։ Տեղեկանալու համար, թե նշված գումարի որ մասն է ՀՀ պետբյուջեից, որը՝ միջազգային կազմակերպություններից, Արդարադատության նախարարությունից հայտնեցին՝ դիմել գրավոր: Tert.am-ը գրավոր հարցում է ուղարկել Արդարադատության նախարարություն այդ և այլ հարցերի մասին տեղեկություններ ստանալու համար:
Նշված գումարից 8 մլն եվրոն նախատեսված է Երևանում Պարեկային ծառայության ստեղծման համար։
Պարեկային ծառայության ստեղծման շրջանակում ուսուցումն անցկացնում են ՀՀ քաղաքացիներ, չնայած նախագծում նշված էր, որ արտասահմանյան իրավապահ մարմինների մասնագետների կողմից հատուկ պատրաստականության դասընթացներ են անցկացվելու:
Արդարադատության նախարարության տեղեկացմամբ՝ դասընթացավարներն ընտրվելուց հետո վերապատրաստում են անցել։ «120 դասախոս վերապատրաստվել է՝ միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանելու նպատակով։ Վերապատրաստման ծրագիրն իրականացվում է միջազգային գործընկերների աջակցությամբ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանություն/INL, Եվրոպական միություն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, ԵԱՀԿ»,-հայտնեցին նախարարությունից։
Նշենք նաև, որ անցկացվում է նաև բանավոր հարցազրույց:
Ուսուցումը տևում է 5 ամիս, դիմորդները 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիներ են, որոնք ունեն առնվազն միջնակարգ կրթություն, ընդունելության համար աշխատանքային փորձ չի պահանջվում: Պետք է չունենան օրենսդրությամբ սահմանված ցանկով նախատեսված հիվանդություններ:
Արական սեռի դիմորդները պարտադիր զինվորական ծառայություն անցածներն են: Ընդունելություն-մրցույթի համար սահմանվում է 770 տեղ, որից 540 տեղը արական սեռի դիմորդների (ծառայողների) համար, իսկ 230 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ծառայողների) համար:
Արդարադատության նախարարությունը դիմորդներից էլեկտրոնային փոստի հասցեներից բացի պահանջել է սոցիալական ցանցերում՝ Facebook, Instagram, Odnoklassniki և այլն,անձնական հաշիվների հղումները ու օգտատերերի անունները: Ուսուցումը մեկնարկած է, պարեկային ծառայության մեկնարկը Երևանում, ըստ ծրագրի, տրվելու է 2021թ. 1-ին եռամսյակում, որն ավարտվում է մի քանի օրից: Ծառայության ընթացքում՝ նվազագույն աշխատավարձը՝ 320.000 ՀՀ դր (հարկված՝ 237.400դր):