շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Միջազգային օլիմպիադաների մասնակիցները և հաղթողները անվանական կրթաթոշակ կստանան

Միջազգային օլիմպիադաների մասնակիցները և հաղթողները անվանական կրթաթոշակ կստանան

2022 թվականին տեղի ունեցած «Ինֆորմատիկա» և «Աստղագիտություն» առարկաների դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և եզրափակիչ փուլերի հաղթողները անվանական կրթաթոշակ կստանան:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաների մասնակից և եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների կազմը:

Անվանական կրթաթոշակ կտրամադրվի 5 բրոնզե մեդալակիրների, ինչպես նաև 4 մասնակցի:

Կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:

Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.

1․ Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

● առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25 000 դրամ.
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20 000 դրամ.
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15 000 դրամ.
● եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10 000 դրամ։

2․ Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

● առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15 000 դրամ.
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10 000 դրամ.
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7 500 դրամ։

3․ ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝

● առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10 000 դրամ.
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7 500 դրամ.
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5 000 դրամ։

  • Կիսվել: