Մի հատ էլ հայհոյանք դրեք քվեարկելու վրա. Աժ նախագահի նյարդերը տեղի տվեցին
«Ես էս Ազգային ժողովի ամենաանգրագետ պատգամավորն եմ, որի ոչ մի նախագիծը կյանքի չի կոչվել»,- այսօր Ազգային ժողովի լիագումար նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, երբ ներկայացնում էր Ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը և հորդորում գործընկերներին այն ընդգրկել լիագումար նիստի օրակարգ:
Պետրոսյանը իր նախաձեռնությամբ գործընկերներին առաջարկել է օրենքով հստակ արգելել Հայաստանում նույնասեռականների, ինչպես նաև սեռափոխված անձանց ամուսնության գրանցումը: ԱԺ պետա-իրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին, քանի որ արգելքի անհրաժեշտություն չկա: Ավելին, այդ արգելքը Հայաստանում սահմանվում է ՀՀ Սահմանադրությամբ:
«Ինձ ասում են՝ Սահմանադրության մեջ արդեն 35 հոդվածում ասվում է՝ ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև դաշինքն է: Բայց ես էլ ասում եմ՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասի» ՀՀ օրենքի համաձայն, եթե իրավական նորմում տերմինը եզակի է օգտագործված, ապա դա կարող է հասկացվել նաև հոգնակի: Այս տրամաբանությամբ վաղը մյուս օրը երկու սեռափոխված անձ, որոնք կորոշեն իրենց սերը սրբագործել զագսի մարմնում, գնալու են գրեն, խնդրում ենք մեր ամուսնությունը գրանցեք, զագսը մերժելու է, տանելու են Վարչական դատարանում վիճարկեն: Ամբողջ խնդիրը սա է՝ եթե մենք իսկապես ուզում ենք Հայաստանում արգելել միասեռականների ու սեռափոխված անձանց ամուսնությունը, եկեք ուղղակի Ընտանեկան օրենսգրքում գրենք», - պատգամավորներին հորդորեց Գևորգ Պետրոսյանը:
Նույն օրենսգրքում մեկ այլ փոփոխությամբ պատգամավորն առաջարկում էր արգելել միասեռականներին որդեգրել երեխաներ: Պատգամավորները մերժեցին Պետրոսյանի օրենսդրական առաջարկությունները ընդգրկել լիագումար նիստի օրակարգ ու քննարկել այն: Մերժումն անակնկալ չէր Պետրոսյանի համար, բայց վիրավորական էր. «Չեմ ասում եկեք սպանենք, ասում եմ՝ ուղղակի եկեք արգելենք, լավ ինչո՞ւ ենք նահանջում մեր ավանդական արժեքներից: Մենք, մեր խմբակցությունը՝ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ դեմ ենք, որ մեր ավանդական արժեքները գնդակահարվեն: Հիմա ով, որ դեմ ա քվեարկում, կուզենա՞ր իրա ընտանիքում էդպիսի երևույթ տեսնել»:
Նիստը նախագահող ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանին բարկացրին Պետրոսյանի հայտարարությունները. «Ի՞նչ ես խոսում, ի՞նչ եք խոսում պարոն Պետրոսյան, էս ի՞նչ անձնավորված բաներ եք խոսում, մի հատ էլ քֆուր դրեք քվեարկելու վրա: Էս ամեն ինչին չափ ու սահման կա»:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր հերթին նկատեց, որ հայաստանյան օրենսդրությունն ամեն ինչ արձանագրել, սահմանել է և նման արգելք ներառելու անհրաժեշտություն չկա:


