ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մանկատան սաներին բնակարան տալը «յուղոտ» վերնագիր է, բայց հարցի լուծում չէ. վարչապետ

Մանկատան սաներին բնակարան տալը «յուղոտ» վերնագիր է, բայց հարցի լուծում չէ. վարչապետ

Այսօր Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու նախագծին և ասաց, որ շեշտը պետք է դրվի մանկատան սաների պատշաճ կրթություն ունենալու իրավունքի վրա: 

Նա նշեց, որ երկու օր առաջ քննարկել են այն հարցը, թե կոնկրետ ինչ միջոցներ պետք է ձեռնարկեն: ՛՛Մեր խնդիրը չպետք է լինի մեր մանկատան սաներին բնակարան տալը, մեր խնդիրը պետք է լինի այն, որ մանկատան սաներին շրջանավարտ դառնալու պահին և հետագայում էլ կրթական այնպիսի հմտություններով կարողանանք օժտել, որ նրանք մեկ-երկու տարի, հնարավոր է, վարձակալության փոխհատուցում ստանան, ապա իրենք իրենց աշխատանքով բնակարան ձեռք բերեն: Բնակարանով մենք հարց չենք լուծում իրականում, եթե հետագայում գնանք այս դեպքերի հետևից, կտեսնենք, որ բնակարան տվել ենք, դա լավ է հնչում, «յուղոտ» վերնագիր է, իսկ իրականում դա հարց չի լուծում՛՛,-ասաց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ ճիշտ լուծումը մարդու անհատական հատկանիշները զարգացնելու, տաղանդը, աշխատունակությունը, աշխատանքի շուկայում նրանց մրցունակությունը բարձրացնելու մեջ է, մնացած բոլոր ճանապարհները գուցե լավ են հնչում, ականջահաճո են, սակայն իրականում  արդյունավետ ճանապարհներ չեն:



  • Կիսվել: