երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Լոռու մարզի 20 դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ վերապատրաստվել են ՀՖՖ-ի կողմից

Լոռու մարզի 20 դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ վերապատրաստվել են ՀՖՖ-ի կողմից

Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է ֆուտբոլի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը Լոռու մարզում:

2020 թվականից ՈՒԵՖԱ-ն սկսել է «Ֆուտբոլը դպրոցներում» կրթական ծրագրի աջակցման քառամյա փուլ՝ նպատակ ունենալով դպրոցներում ֆուտբոլ առարկան դարձնել մասսայական և հասանելի բոլորին: Այս կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է իրականացնել կրթական ծրագրեր:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են՝ ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների վերապատրաստում նոր չափանիշներով ՀՀ ողջ տարածքում, հանրակրթական դպրոցներին ֆուտբոլային գույքի տրամադրում, դասավանդման մեխանիզմների մշակում՝ ըստ տարիքային խմբերի, միջդպրոցական ֆուտբոլային առաջնությունների կազմակերպում և այլն:

Ծրագրի գլխավոր բաղկացուցիչ մաս է կազմում ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների մշտական վերապատրաստումը՝ թարմացած ձևաչափով:

Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ վերապատրաստման երկօրյա դասընթաց էր կազմակերպվել նաև Վանաձորում՝ մարզի թվով 20 դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար: Այն ներառում էր տեսական և գործնական դասընթացներ:

Հերթական ծրագրի մեկնարկի կապակցությամբ մարզի ղեկավարի և իր անունից շնորհակալության խոսք է հղել մարզպետի տեղակալ Քաջայր Նիկողոսյանը: Նա իր խոսքում նաև ընդգծել է մարզպետարանի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:

Դասընթացի ավարտին մասնակից դպրոցները ՀՖՖ-ի կողմից ստացել են նաև համապատասխան ֆուտբոլային գույք:

 

  • Կիսվել: