ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լիճքի միջնակարգ դպրոցի աշակերտուհին ՌԴ-ում մասնակցելու է «Հիշողության գնացք» ծրագրին

Լիճքի միջնակարգ դպրոցի աշակերտուհին ՌԴ-ում մասնակցելու է «Հիշողության գնացք» ծրագրին

Հունիսի 20-ից հուլիսի 6-ը մեկնարկել է ՌԴ Դաշնային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նախաձեռնված «Հիշողության գնացք» կրթական-մշակութային ծրագիրը, որին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ավագ դպրոցների սաները:

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, ծրագրի շրջանակներում ընթանում է ճանաչողական այց ՌԴ մի շարք քաղաքներ, որտեղ տեղի են ունենում  կրթամշակութային միջոցառումներ: Հայաստանից ծրագրին մասնակցում է 20 դպրոցական:

«Հիշողության գնացք» ծրագրին մասնակցելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-11-րդ դասարաններում սովորող աշակերտների շրջանում անցկացվել է մրցույթ, որի արդյունքում Մարտունի համայնքի Լիճք գյուղի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Աննա Խաչիկի Ալեքսանյանը ԿԳՄՍ նախարարության կողմից ճանաչվել է մարզային մրցույթի հաղթող և ներկայացնում է Գեղարքունիքի մարզը:

Աննայի ուսուցչուհու՝ Գոհար Գևորգյանի ներկայացմամբ՝ Լիճքի միջնակարգ դպրոցը ակտիվ համագործակցում է «Մոսկվայի տուն» և «Ռոսսոտռուդնիչեստվո Հայաստան»-ի ներկայացչությունների հետ, նաև Երևանում պարբերաբար անցկացվող մրցույթներում մշտական մասնակցություն և հաղթանակներ են գրանցում Լիճքի դպրոցականները։ Ակտիվության համար դպրոցը շնորհակալագիր է ստացել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի կողմից։

Մոսկվա քաղաքից աշակերտները գնացքով ուղևորություն են կատարում Ռուսաստանի և Բելառուսի 15 քաղաք, ուր տեղի են ունեցել Հայրենական մեծ պատերազմի թեժ մարտեր։ Նրանք կմասնակցեն նաև Հայրենական Մեծ պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակին նվիրված տարբեր միջոցառումների:

  • Կիսվել: