ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Լիդիան Արմենիան»-ն գույքագրման արդյունքների հիման վրա հաղորդում կներկայացնի իրավապահ մարմիններին

«Լիդիան Արմենիան»-ն գույքագրման արդյունքների հիման վրա հաղորդում կներկայացնի իրավապահ մարմիններին

«Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր` հուլիսի 24-ին, ընկերության համապատասխան հանձնաժողովը սկսել է Ամուլսարի տարածքում գույքագրման աշխատանքները:

«Հաշվի առնելով, որ արդեն երկու տարի է «Լիդիանը» ապօրինության հետևանքով զրկված էր սեփական տարածք մուտքի հնարավորությունից, և ճանապարհները ապօրինի շրջափակած մի խումբ մարդկանց ելումուտը կարող էր տեղի ունենալ առանց ընկերության գիտության, ընկերությունն արդեն իսկ հայտնել էր Ամուլսարի տարածքում գողությունների հիմնավոր կասկածների վերաբերյալ:

Լրացուցիչ մտահոգության տեղիք էր տալիս այն հանգամանքը, որ ճանապարհները ապօրինի շրջափակած մի խումբ մարդիկ «Լիդիանի» սեփականություն հանդիսացող տարածքում, «Լիդիանի» կողմից ներգրավված պահնորդական ծառայության փոփոխությանը հունիսի 30-ին արձագանքեցին բուռն դիմադրությամբ՝ հայտարարելով, որ իրենք նախորդ պահնորդական ծառայության հետ ունեին պայմանավորվածություններ։

Գույքագրման աշխատանքների հենց սկզբից հանձնաժողովը արձանագրել է տարածքում թե՛ ենթադրյալ գողությունների նշաններ, թե՛ վանդալիզմի ակնհայտ դեպքեր։ Ամուլսարի տարածքում առկա է «Լիդիանին» պատկանող մի քանի հարյուր միլիոն դոլարի գույք, ներառյալ մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ շինանյութեր, չավարտված շինարարությամբ տարբեր հանգույցներ, որոնք առերևույթ ենթարկվել են թալանի և վանդալիզմի։

Ընդգծենք, որ երկու տարի երկրի խոշորագույն ներդրողի տարածքում այս ակնհայտ ապօրինությունը տեղի է ունեցել իրավապահ մարմինների լիակատար թողտվությամբ։

Գույքագրման ընթացիկ արդյունքների հիման վրա հաղորդում կներկայացվի իրավապահ մարմիններին, օրենքի շրջանակներում համապատասխան գործողությունների պահանջով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: