շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լարված իրավիճակ Արագածոտնի մարզում. վարդենուտցիները, ի նշան բողոքի, փակել են գլխավոր ճանապարհը. խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի

Լարված իրավիճակ Արագածոտնի մարզում. վարդենուտցիները, ի նշան բողոքի, փակել են գլխավոր ճանապարհը. խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի

Արդեն մեկ ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ափնա գյուղի վարչական տարածքում, Վարդենուտ գյուղի 300-ից ավել բնակիչներ ի նշան բողոքի փակել են գլխավոր ճանապարհը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին.

«Այս ծայրահեղ քայլին դիմել ենք ստիպված, քանի որ պատկան մարմինները, այդ թվում՝ կառավարությունը, տևական ժամանակ է մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում ու այդ ամենի արդյունքում գյուղը, որ դեռ հայտնի էր սովետական տարիներին, կանգնած է դատարկվելու շեմին։

Ինչ-որ «ՌԻՏ» ՍՊԸ որոշել է ողջ գյուղի բերրի հողերը գրոշներով իրենով անել՝ պատճառաբանելով, թե ստեղծում է էկոգյուղ, որտեղ լինելու է նաև դահուկավազքի և լեռնադահուկային կոմպլեքս, այդ թվում նաև ճոպանուղի, բայց դե որ գյուղը կանգնած է դատարկելու շեմին, դա փաստ է։

Ով է տեսել առանց գյուղացիների, տեղաբնակների հետ հարցը քննարկելու նման որոշում կայացնեն։ Էն, որ ասում ա՝ «գյուղ կանգնի, գերան կկոտրի», հիմա էդ ա։ 

Ողջ գյուղով մինչև վերջ կանգնելու ենք, որովհետև իրենց անմարդկային քայլով հանրահայտ գյուղերից մեկը կանգնած է դատարկելու շեմին։ Էդ ընկերություն կոչեցյալը, որոնց տերերի ուղեղները երևի «սպրիչով» հանած ա, որոշել են ողջ գյուղին գցեն։ Սովետական տարիներին ծաղկող հանրահայտ գյուղը, որ անգամ ԽՍՀՄ փլուզումից հետո ողջ բնակչությունը աչքի լույսի պես պահել է, հիմա ինչ-որ «ՌԻՏ» որոշել է իր սև գործն անել։

Մենք կողմ ենք տնտեսության զարգացմանը, տուրիզմի զարգացմանը, մեր պայքարը քաղաքական չի, մենք պայքարում ենք մեր սերունդներին մեր պապերի ոփոխանցածը հանձնելու համար։ 

Մինչև վերջ կանգնելու ենք, էլի ենք ասում ու պնդում՝ մենք պայքարում ենք գյուղը փրկելու և ոչ միայն գյուղը, նաև՝ Հայաստանը, քանի որ եթե «ՌԻՏ»-ի նման անկուշտները էս գյուղում իրենց կատարածը մարսեն, վստահ ենք՝ բումերանգի նման մյուս գյուղերն էլ են դատարկելու։

Այս պահին ո՛չ մարզպետարանից, ո՛չ կառավարությունից չեն բարեհաճել ժամանել այստեղ որպեսզի հանդիպեն, սակայն ակնկալիք էլ չունենք, անցել են կուտ ուտելու ժամանակները, մենք պայքարում ենք գյուղը ու հենց Հայաստանը փրկելու համար»։

 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար է եղել և խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի։

  • Կիսվել: