չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Կրակոցներ Կոտայքի մարզում․ ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովն» ու կրակողին․ նա ձերբակալվել է (տեսանյութ)

Կրակոցներ Կոտայքի մարզում․ ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովն» ու կրակողին․ նա ձերբակալվել է (տեսանյութ)

 Ոստիկանները հայտնաբերել են Սոլակ գյուղում բնակվող, Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում կրակած տղամարդուն ու նրա «Կալաշնիկով» ինքնաձիքը. նա ձերբակալվել է։

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Մարտի 12-ի գիշերը ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգած անձը խնդրեց, որ ոստիկաններ մոտենան Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղակայված ՃՈ անշարժ պահակետից ներքև։ Ահազանգին արագ արձագանքած բաժնի օպերատիվ խումբն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները նախ պարզեցին, որ ճանապարհի աջ հատվածում գործող հացատան դիմաց կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր եկան նաև քննիչներ ու փորձաքրեագետներ։ Տարածքի զննությամբ ինքնաձիգի կրակված պարկուճներ հայտնաբերվեցին։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ»,- ասվում էհաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների արդյունքում Կոտայքի ոստիկանները պարզել են, որ հացատանը ծննդյան արարողություն է, և ինքնաձիգից կրակել է մասնակիցներից մեկը։ Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ մինչ կրակոցները նրա և այլ մասնակիցների միջև, այսպես ասած, տհաճ խոսակցություն էր եղել։

Ոստիկանությունից նաև հայտնում են, որ շուտով հայտնի է դարձել կասկածվողի ինքնությունը. 31-ամյա տղամարդը ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների և մարզի ճանապարհային ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է ահազանգից մոտ կես ժամ անց հենց Կոտայքի մարզում։ Սոլակ գյուղում բնակվող տղամարդը, մեքենայով հանդերձ բերման է ենթարկվեց բաժին։ «Ստուգվեց սթափությունը․ ալկոհոլի ազդեցության տակ էր։ «Մերսեդեսի» բեռնախցիկում էլ առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահունակներ ու 5․45 մմ տրամաչափի 44 փամփուշտ կար․ բնականաբար՝ ապօրինի։  Զենք-զինամթերքն առգրավվեց։ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։     

 

  • Կիսվել: