շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կոռուպցիոն բացահայտումներ Երևանի քաղաքապետարանում պաշտոնյաների մասնակցությամբ

Կոռուպցիոն բացահայտումներ Երևանի քաղաքապետարանում պաշտոնյաների մասնակցությամբ

Երևանի համայնքին աղբատար ավտոմեքենաներ նվիրած եւ քաղաքապետարանի հրապարակած ընկերությունները փոխկապակցված են նախկին և գործող պաշտոնյաների հետ, գրում է hetq.am-ը:  Իսկ այդ ընկերություններից երկուսին քաղաքապետարանն ամիսներ առաջ հասցեներ է տրամադրել։

Ըստ աղբյուրի՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի կնոջ ընկերությունը պատրաստվում է բնակելի համալիր կառուցել քաղաքապետարանի տված հասցեում «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին նվիրել է 10 հատ ԳԱԶ մակնիշի և 4 հատ ԿամԱԶ մակնիշի աղբատարեր։

«Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019թ-ի հունվարի 11-ին։ Ընկերության բաժնետերերից է Արմինե Եղիազարյանը (12․5 %), որն ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանի կինն է։ Ընկերության 50 %-ի բաժնետերը Աիդա Հովհաննիսյանն է, իսկ Մարինա Թադևոսյանը, Նարեկ Ասատրյանը և Սամվել Մանիջոյանը տիրապետում են 12․5 %-ական բաժնետոմսերին։

hetq.am-ը գրում է, որ այս ընկերությունը պատրաստվում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղի հ.22 և Անաստաս Միկոյան հ. 64 հասցեներում։ Այդ հասցեն ընկերության հողամասին տրամադրվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի 2019թ-ի մարտի 22-ին որոշմամբ։ Ուղիղ մեկ շաբաթից՝ դեկտեմբերի 6-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ ընկերության կողմից կառուցապատման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։

«Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 10 հազար դրամ է կազմում։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պարտադիր վճարների համակարգում այս ընկերության վերաբերյալ տվյալներ չկան, հետևաբար հանրության համար գաղտնիք է մնում դրա աշխատակիցների քանակը կամ արդյոք ունի՞ աշխատակիցներ, թե՞ ոչ։ Այնինչ ՊԵԿ-ի տվյալներով՝ «Ն եւ Ս քոնսթրաքշն» ընկերությունն այս տարվա հունվար-մարտի 1000 խոշոր հարկ վճարողներից 104-երորդն է եղել՝ պետական բյուջե վճարելով 364 միլիոն դրամ հարկ։

Ընկերության 12,5 տոկոս բաժնեմասի տեր Արմինե Եզիազարյանը 2018-ի հոկտեմբերի 27-ից  հանդիսանում է նաև «Արտ Օյլ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը։

Մեկ «Կամազ» մակնիշի աղբատար ավտոմեքենա էլ Երևան համայնքին նվիրել է «Էյչ բի Էմ գրուպ» ընկերությունը։  Այս ընկերության 33 տոկոսի սեփականատերը տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ (2000-2013) Հրանտ Բեգլարյանն է, 0․02տոկոսի բաժնետերը նրա դուստրը՝ Աննա Բեգլարյանը, իսկ 33-ական տոկոս բաժնեմասերը պատկանում են Հրաչյա Մինասյանին և Հրանտ Հախնազարյանին։

Հրանտ Բեգլարյանը, Հրաչյա Մինասյանն ու Հրանտ Հախնազարյանը այս տարվա օգոստոսի 22-ին Երևանի քաղաքապետարանից Հյուսիսային պողոտա 8 հասցեում գտնվող իրենց երկու տարածքի համար առանձնացված հասցեներ են ստացել (Հյուսիսային պողոտա 8 շենք, շինություն 11 և 6)։ Եռյակը համատեղ ևս մեկ ընկերություն է ունեցել՝ «Սմարտ Չոյս» ՍՊԸ-ն։

Ընկերությունն այս տարվա հուլիսի 3-ի դրությամբ մոտ 244 հազար դրամի չկատարած հարկային պարտավորություն է ունեցել։

Երեք հատ «ԿամԱԶ» մակնիշի աղբատար էլ քաղաքապետարանը ստացել է գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հորեղբոր որդու՝ Հրաչյա Շարոյանի «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունից։ Վերջինս գրանցված է Մալաթիա-Սեբաստիա Օհանովի փողոց 15/1 հասցեում, որտեղ գտնվում է նաև «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի գլխամասային գրասենյակը։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը պնդել է, որ Սամվել Ալեքսանյանը համայնքին աղբատար չի նվիրել։ Կարապետյանը նշել է, որ նվիրատվությունների դիմաց  Երևանի քաղաքապետարանը որևէ պարտավորություն կամ արտոնություն ընկերություններին չի տրամադրում։

hetq-ը գրում է, որ համայնքին մեկ աղբատար ավտոմեքենա էլ նվիրել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը։

 

  • Կիսվել: