հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խոյ համայնքի ղեկավարին է հանձնվել Հայաստանում առաջին «շարժական գրասենյակը»

Խոյ համայնքի ղեկավարին է հանձնվել Հայաստանում առաջին «շարժական գրասենյակը»

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից (ԳՄՀԸ/GIZ) իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիր հայաստանյան թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասին և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վերներ Թութ-Շիմոն այսօր Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին են հանձնել Հայաստանում առաջին «շարժական գրասենյակը»՝ այսպիսով մեկնարկ տալով ՀՀ համայնքներում «շարժական» ծառայությունների մատուցմանը:

«Շարժական գրասենյակները» հագեցած են համապատասխան սարքավորումներով (դյուրակիր համակարգիչ, տպիչ, տեսածրիչ, նույնականացման քարտ ընթերցող սարք և այլն)՝ ապահովելու արագ և որակյալ ծառայությունների մատուցում քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին՝ անմիջապես իրենց բնակության և/կամ գործունեության վայրում:

«Շարժական գրասենյակների» միջոցով համայնքապետարանները հնարավորություն կստանան բարձրացնել սոցիալական ծառայությունների տրամադրման որակն ու հասանելիությունը իրենց համայնքում բնակվող սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքների համար, նպաստել համայնքում գործարար միջավայրի բարելավմանը՝ անմիջապես տնտեսվարող սուբյեկտների գործունեության իրականացման վայրերում տրամադրելով տարատեսակ ծառայություններ, միավորված համայնքի հեռավոր բնակավայրերի բնակիչներին տեղում մատուցել ծառայություններ, իրականացնել տեղական տուրքերի, վճարների և հարկերի գանձում, ինչպես նաև բնակավայրերում առավել արդյունավետ իրականացնել հանրային լսումներ և քննարկումներ:

«Շարժական գրասենյակների» ներդրումը ՀՀ համայնքներում հնարավոր է դարձել ԳՄՀԸ կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ ՇԶՀԳ համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։

«Շարժական գրասենյակները» լրացնելու և բարելավելու են ՀՀ համայնքներում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունները: 2015 թ. ԳՄՀԸ կողմից հիմնվել է Քաղաքացիների սպասարկման 67 գրասենյակ, որը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները:

Մինչ տարեվերջ նախատեսվում է ՀՀ համայնքներում հիմնել Քաղաքացիների սպասարկման ևս տասը գրասենյակ, որոնցից մեկը՝ Խոյ համայնքում:

Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել ԳՄՀԸ և ՇԶՀԳ գործընկերներին Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար և ընդգծել, որ այդ աջակցությունը հեշտացնում է համայնքների բնակիչների կյանքը։

  • Կիսվել: