Խոշոր ու ողբերգական ավտովթար Սևանում․ «Խաչմերուկ» սուպերմարկետի մոտ բախվել են «Opel Zafira»-ն ու «DAF» բեռնատարը․ կան 1 զոհ, 4 վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74 կմ հատվածում՝ «Խաչմերուկ» սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «DAF» մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնություն են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, թիվ 30 հրշեջ փրիկարարական ջոկատի հերթապահ խումբը և «Սևան» բժշկական կետրոնի շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները և տեղում իրականացնում են հերթապահություն։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։
Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։


