հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից

Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից

Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 18:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ հսկայական տարածք և դրան հարակից պտղատու այգիներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 45, այնուհետև թիվ 9 հրջեջ-փրկարարական ջոկատներից՝ մեկական մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները՝ Գառնի գյուղի բնակիչների և Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանի գլխավորությամբ, կարողացել են մեծ դժվարությամբ նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը, գյուղացիները գյուղապետի գլխավորությամբ նախ կանխել են կրակի տարածումը դեպի «ղամիշներ», որից հետո արդեն ժամանած Կոտայքի և Երևանի հրշեջները ամբողջովին մարել են կրակը:

Կրակի օջախներին մոտենալու համար հրշեջներն ու գյուղացիները մոտ 1 կմ ոտքով են անցել, քանի որ նշված հատված ավտոմեքենայով հնարավոր չէր մոտենալ: Գյուղացիների և հրշեջների շնորհիվ փրկվել է 1000- ից ավելի պտղատու ծառեր, այդ թվում՝ խնձորենի, տանձենի, ընկուզենի և այլ ծառատեսակներ:

Ըստ նախնական վարկածի՝ հնարավոր է՝ այն դիտմամբ այրել են, սակայն այդ ամենը նախնական վարկած է: Թե ինչն է եղել կրակի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննոււթյուններ կատարելուց հետո:

  • Կիսվել: