երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Խոշոր հրդեհ՝ Չարենցավանի բնակելի շենքերից մեկում (տեսանյութ)

Խոշոր հրդեհ՝ Չարենցավանի բնակելի շենքերից մեկում (տեսանյութ)

Չարենցավանի 6-րդ թաղամասի 17 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկում այսօր առավոտյան հրդեհ էր բռնկվել: Հրդեհը մինչ այս պահը դեռ տարածվում է, ու ԱԻՆ-ից ժամանած հրշեջները չեն կարողանում այն մարել: Հավաքաածները զարմացած են նրանց աշխատանքից: Իհարկե, փրկարարներին հաջողվել է թթվածնի բալոններով մտնել և ժամանակին տարհանել տվյալ հարկաբաժնի բնակիչներին, այս պահին կարծես թե տուժող չկա, սակայն կրակը մինչև հիմա չեն կարողացել մարել: Ժամից ավելի է` հրդեհը տարածվում է ամբողջ հարկով, ընդ որում` կրակը ծավալվում է տան հետևի կողմի պատուհանից, և երկու հրշեջ մեքենա փոխանակ գան շենքի հետևից աշտարակով բարձրանան ու հանգցնեն, շենքի բակում էին կանգնել, ու անհասկանալի էր, թե ինչ էին անում: Ի վերջո, երևի գլխի ընկան, որ պետք է գալ շենքի մյուս կողմ, որտեղ աշտարակով մեքենա էին կանչել, որ հրշեջը ջրի խողովակով բարձրանա աշտարակի վրա ու այդկերպ փորձի կրակը մարել, քանի որ Չարենցավանի հրշեջ մեքենաները, ինչպես հասկացանք, աշտարակ չունեն։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»։

Սովետական տարիներից Չարենցավան քաղաքին ժառանգություն մնացած ԶԻԼ մակնիշի հրշեջ մեքենաներն այնքան անզոր ու դանդալոշ են, որ համ  մի կերպ էին տեղից պոկվում, համ չէին կարողանում անգամ շրջադարձ կատարել: Ի վերջո, հրշեջ մեքենայի ու աշտարակով մեքենայի միջոցով կարողացան մի փոքր զսպել կրակի տարածումը, սակայն լրիվ չհասցրին մարել` այս անգամ էլ ջուրը վերջացավ: Սովետական ԶԻԼ-ը գնաց, որոշ ժամանակ անց նոր` ավելի ժամանակակից հրշեջ մեքենա ժամանեց Չարենցավան: Հուսանք` գոնե հիմա կհաջողվի կրակը մարել, քանի դեռ հետևանքներն անդառնալի չեն եղել:

 

  • Կիսվել: