ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են Mercedes G500-ն ու Kia-ն, կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են Mercedes G500-ն ու Kia-ն, կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։35-ի սահմաններում Արևիկ-Եղեգնուտ գյուղամիջյան ճանապարհի Եղեգնուտ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes G500 և Kia մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Յաշիկը» կողաշրջվել է, մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, Kia-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի հողամասում։ Վթարի հետևանքով մի քանի հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել գյուղի բնակիչները և օպերատիվորեն ժամանած «Մեծամոր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։

Վերջիններս վիրավորներին մինչև «Արմավիր» ԲԿ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Նարեկ Գրիգորյանն ու Հայկ Դարբինյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

  • Կիսվել: