կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
«Մենք կրկին ստիպված ենք փախչել». Նեպալը աղետից հետո զգուշացրել է նոր ջրհեղեղների մասին

«Մենք կրկին ստիպված ենք փախչել». Նեպալը աղետից հետո զգուշացրել է նոր ջրհեղեղների մասին

Նեպալի իշխանությունները ջրհեղեղներից տուժած շրջանների բնակիչներին զգուշացրել են ջրի մակարդակի հնարավոր նոր բարձրացման մասին և կոչ են արել պահպանել առավելագույն զգուշավորություն Բհոտեկոշի գետում ջրի մակարդակի բարձրացումից հետո, հայտնում է Associated Press-ը։

Կիրակի առավոտյան բնակիչների հեռախոսներին սկսեցին ստացվել ջրհեղեղի վտանգի մասին նախազգուշացումներ։ Փրկարար ծառայությունները միաժամանակ մաքրում էին կարևոր Պրիտհվի մայրուղին, որը կապում է Կատմանդուն աղետալի ջրհեղեղից առավել տուժած շրջաններից մեկի հետ։

Գալչխի քաղաքում տեղացիները բարձրացել էին մոտակայքում գտնվող կամրջի վրա և հետևում էին սրընթաց հոսող գետին։ Ափերին և գետի հունում տեսանելի են նախորդ ջրհեղեղի ժամանակ հոսանքով բերված հսկայական ժայռաբեկորներ։ Կախովի կամրջի վրա գտնվող մարդկանց փրկարարները սուլիչներով հեռացնում էին։

Տարերքի հետևանքները շարունակում են մնալ լայնածավալ։ Առավել տուժած շրջաններում խիտ մոխրաշագանակագույն նստվածքների շերտից դուրս են ցցվում ավերված տներ, ավտոմեքենաներ և գյուղատնտեսական տեխնիկա։ Սողանքները ոչնչացրել են գետերի երկայնքով գտնվող բրնձի տեռասները, իսկ դրանց հատվածները ջուրը քշել-տարել է։

Կիրակի օրվա վերջին տվյալներով, Նեպալում և Տիբեթում զոհերի թիվը հասել է 750-ի, ևս ավելի քան 3 հազար մարդ անհետ կորած է համարվում։ Նեպալի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է 734 զոհվածի և 2498 անհետ կորածի մասին։ Տիբեթի իշխանությունները հայտնել են 16 զոհվածի և 546 անհետ կորածի մասին, որոնց թվում կան ավելի քան 100 Նեպալի քաղաքացիներ և ավելի քան մեկ տասնյակ երկրների բնակիչներ։

Նոր նախազգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ Չինաստանի իշխանությունները Նեպալին հայտնել են հոսանքով ներքև եկող ջրի ծավալի ավելացման մասին։ Այդ մասին Associated Press-ին հայտնել է Նեպալի աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ազգային վարչության ղեկավար Դհարամ Ռաջ Ուպրետին։

Տուժած գյուղերի բնակիչները խոստովանում են, որ արդեն դժվարությամբ են արձագանքում գրեթե չդադարող տագնապալի հաղորդագրություններին։

«Երբեմն ասում են, որ ջրհեղեղ է մոտենում, և մենք կրկին ստիպված ենք փախչել դեպի բարձրադիր վայր, նույնիսկ գիշերը։ Դեռ անձրև էլ է գալիս», — պատմել է տեղացի բնակիչ Գովինդ Շրեշտան։ Ըստ նրա, ինքը ստիպված է բարձրադիր վայր տեղափոխել իր 72-ամյա հորն ու 70-ամյա մորը և արդեն գրեթե չի դիմանում այդ ծանրաբեռնվածությանը։

Տարերքը ավերել է խոշոր ավտոմոբիլային և փոքր կախովի կամուրջներ, ինչի հետևանքով բազմաթիվ բնակավայրեր փաստացի կտրվել են միմյանցից։

«Նրանք, ովքեր մնացել են այնտեղ, հիմա այնտեղ են խրված։ Նրանք, ովքեր այստեղ են, այստեղ են խրված։ Շատ դժվար կլինի», — ասել է 47-ամյա Սատտան Սինգհ Թամանգը, որը չորեքշաբթի ջրհեղեղի ժամանակ աշխատում էր կամրջի մոտ։

Փրկված տներում և խանութներում դեռևս էլեկտրականություն չկա. ավերված հենասյուներն ու կտրված լարերը ընկած են ցեխի մեջ։

Պրիտհվի մայրուղին կենսական նշանակություն ունի Կատմանդուի՝ սննդով, վառելիքով և այլ ապրանքներով մատակարարման համար։ Ճանապարհի մեծ մասն արդեն գործում է, սակայն առանձին հատվածներում վերականգնողական աշխատանքները շարունակվում են։

Միևնույն ժամանակ Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը հայտարարել է, որ երկիրը Նեպալ կուղարկի մասնագիտացված որոնողափրկարարական խումբ՝ տուժածներին օգնելու և Մալայզիայի քաղաքացիներին տարհանելու համար։ Բացի այդ, Մալայզիան Նեպալին կհատկացնի 1 մլն դոլարի ֆինանսական օգնություն։

  • Կիսվել: