շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կբարելավվի Վայոց ձորի մարզի առողջապահական համակարգի կազմակերպումը

Կբարելավվի Վայոց ձորի մարզի առողջապահական համակարգի կազմակերպումը

Կառավարությունն ընդունել է Վայոց ձորի մարզի մի շարք բժշկական կենտրոններ վերակազմակերպելու վերաբերյալ որոշումներ՝ ՀՀ մարզային առողջապահական համակարգերի արդիականացման և օպտիմալացման նպատակով:

Որոշումներով նախատեսվում է օպտիմալացնել մարզի ԱԱՊ օղակը, ինչի կնպաստի առկա ֆինանսական ռեսուրսների նպատակային օգտագործմանը և մարզային առողջապահական համակարգի կազմակերպման բարելավմանը: Արդյունքում՝ Վայոց ձորի մարզում գործող բժշկական կազմակերպությունների գործունեության համար կսահմանվի հնարավորինս լավ պայմաններ՝ մահճակալների օպտիմալ ֆոնդով և չշահագործվող տարածքների կրճատմամբ, ինչն առավել ծախսարդյունավետ և առկա փաստացի պահանջարկին համապատասխան կդարձնի կազմակերպությունների գործունեությունը:

Նախատեսվում է Վայոց ձորի մարզում ունենալ 2 պոլիկլինիկա` Եղեգնաձորում և Վայքում, որոնց կմիացվեն հինգ գյուղական ԱԱՊ հաստատություններ: ԱԱՊ ընկերությունների վերակազմակերպումից հետո նախատեսվում է իրականացնել նրանց միավորումը «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» և «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ների կազմում՝ յուրաքանչյուրն ըստ տարածաշրջանի: Նշյալ փոփոխությունների արդյունքում միաձուլման ենթակա գյուղական ԱԱՊ հաստատությունները շարունակելու են իրենց բնականոն գործունեությունը գյուղական համայնքներում, գյուղական ԱԱՊ հաստատությունների ֆիզիկական մատչելիությունը չի տուժելու, գյուղական ԱԱՊ հաստատությունների բուժանձնակազմի օպտիմալացում չի նախատեսվում, նախատեսվում է միայն վարչատնտեսական անձնակազմի օպտիմալացում, որի արդյունքում կկրճատվեն վարչական ծախսերը:

Գործադիրը հաստատել է նաև ՀՀ-ում կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման ծրագիրը: Ծրագրի նպատակն է ՀՀ դեղ արտադրողներին փոխհատուցման միջոցով նպաստել ՀՀ դեղ արտադրողների կողմից նոր, գեներիկ, հիբրիդային, նորացված դեղերի արտադրության զարգացմանը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է կլինիկական, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման համար հետազոտության արժեքի 50 %-ի փոխհատուցում: Արդյունքում՝ ոլորտի զարգացման համար կստեղծվեն նոր հնարավորություններ, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսավարողների միջազգային մրցունակությունը:

  • Կիսվել: