չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Կբարելավվեն 9 ուսումնական հաստատությունների շենքային պայմանները

Կբարելավվեն 9 ուսումնական հաստատությունների շենքային պայմանները

Հանրակրթական ուսումնական հաստատությունների վերանորոգման և վերակառուցման անհրաժեշտությունից ելնելով՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է գումար հատկացնել Արարատի մարզի Մասիսի N 5,, Երևանի Գ. Զոհրապի անվան N 97, Երևանի N 195, Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան, Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17, Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցներին և Սարդարապատի, Արագածոտնի մարզի Վարդենիսի միջնակարգ դպրոցներին ամրացված շենք-շինությունների վերակառուցման և վերանորոգման, ինչպես նաև դրա համար անհրաժեշտ նախագծման, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության, շենքերի տեխնիկական վիճակի հետազննության համար:

Արդյունքում՝ կբարելավվեն թվով 9 ուսումնական հաստատությունների շենքային պայմանները՝ լուծելով հրատապ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մասնաշենքերի հարկերի, տանիքների, մարզադահլիճների, սանհանգույցների վերանորոգումը, ջեռուցման համակարգերի վերակառուցումը:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ վերաբաշխում է կատարել պետբյուջեում և գումար հատկացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ գերատեսչության պայմանների բարելավման, «Ուսուցչի օրվա» առթիվ ուսուցիչներին խրախուսման նպատակով: Մասնավորապես, 21898.8 հազար ՀՀ դրամ կուղղվի «Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների դաստիարակներին պարգևատրում» միջոցառմանը: Համակարգիչներ կտրամադրվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված 77 մանկավարժներին:

  • Կիսվել: