երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Կապանի օդանավակայանն ապագայում կարող է սպասարկել նաև միջազգային չվերթներ. Վարդանյան

Կապանի օդանավակայանն ապագայում կարող է սպասարկել նաև միջազգային չվերթներ. Վարդանյան

«Սյունիք» օդանավակայանի գործունեությունը զգալիորեն հեշտացրել է կապը մարզկենտրոնի և մայրաքաղաքի միջև՝ ավելի դյուրին դարձնելով հաղորդակցությունը, ինչը լուրջ խթան է  տնտեսության և զբոսաշրջության զարգացման համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Կապան համայնքի «Սյունիք» օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը։

Նրա խոսքով՝ Կապանի օդանավակայանի ղեկավարությունը պատշաճ ուշադրություն է դարձնում անվտանգային բաղադրիչին՝ հիշեցնելով, որ օդանավակայանի վերաշահագործման սկզբնական փուլում տեղի են ունեցել որոշակի միջադեպեր, երբ կառույցի հարևանությամբ գտնվող ադրբեջանական դիրքերից խոչընդոտել են աշխատանքը, սակայն ներկայումս միջադեպեր չեն գրանցվում և օդանավակայանի գործունեությունը խոչընդոտող որևէ հանգամանք չկա։

Թռիչքներն իրականացվում են բացառապես ՀՀ սուվերեն տարածքով, և թռիչքային անվտանգության ապահովման առումով որևէ պրոբլեմ չի առաջանում։  

«Ներկայումս կա թռիչքների մեծ պահանջարկ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում շատ մարդիկ նույնիսկ չեն կարողացել տոմս ձեռք բերել, դրանք բավականին արագ սպառվում են։ Լրացուցիչ շարժակազմերի ներգրավման հարց ներկա պահին չունենք, որովհետև դա կախված է շատ հանգամանքներից, նախևառաջ ֆինանսական գործոնից։ Հաշվի առնելով, որ Կապան-Երևան չվերթը ամբողջությամբ սուբսիդավորվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի կողմից, հետևաբար որպես զուտ բիզնես նախագիծ գուցեև այդքան էլ շահավետ չէ, բայց որպես սոցիալական ծրագիր, միանգամայն տեղին է ու պահանջված։ Մենք բաց հաստատություն ենք և պատրաստ ենք համագործակցել շահագրգիռ բոլոր կողմերի հետ»,- ասաց Վարդանյանը:

Տնօրենը հավելեց, որ օդանավակայանն ունի զարգացման մեծ ներուժ և ապագայում նույնիսկ կարող է սպասարկել միջազգային չվերթներ։ 

  • Կիսվել: