հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Մեկ զոհ, ութ վիրավոր. հարձակում Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա

Մեկ զոհ, ութ վիրավոր. հարձակում Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա

Սաուդյան Արաբիայի Դամամ քաղաքի «Ֆահդ արքա» միջազգային օդանավակայանը նախօրեին՝ հոկտեմբերի 21-ի երեկոյան, ենթարկվել է հարձակման, տեղեկացնում է Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

Ինչպես հաղորդվում է՝ մեկ մարդ զոհվել է, ևս ութը ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։

Նշենք, որ Սաուդյան Արաբիան գլխավորում է Արաբական կոալիցիան, որը ռազմական աջակցություն է ցուցաբերում Եմենի կառավարական զորքերին հութիների դեմ պայքարում։ Կոալիցիան ավիահարվածներ է հասցնում հութիների դիրքերին, որոնց ի պատասխան՝ շարժումը վերջին շաբաթներին թիրախավորել է Էր Ռիադի «Խալիդ արքա» միջազգային օդանավակայանը, թագավորության ռազմական օբյեկտները, նավթային ենթակառուցվածքները և ծովային նավագնացությունը։ Այս հարվածները Սաուդյան Արաբիայում հանգեցրել են զոհերի և վիրավորների։

  • Կիսվել: