շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կանայք շատ արդյունավետ կարող են գործել մի շարք ոլորտներում, որոնք կան ոստիկանությունում. ՆԳ փոխնախարար

Կանայք շատ արդյունավետ կարող են գործել մի շարք ոլորտներում, որոնք կան ոստիկանությունում. ՆԳ փոխնախարար

Պանելային առաջին քննարկման ժամանակ ներկայացվել է Ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության բարձրացմանն ուղղված քաղաքականության, իրականացվող ծրագրերի և մարտահրավերների մասին:

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը խոսելով տարբեր ոլորտներում կանանց ներգրավվվածության մասին՝ նշել է, որ երբ խոսքը վերաբերում է իրավապահ համակարգում կանանց ներգրավվածությանը, ակնհայտ է դառնում, որ, ի տարբերություն այլ ոլորտների, այստեղ կանանց ներգրավվածությունը ցածր է, հետևապես այդ խնդիրը պետք է հաղթահարել:

«Ուզում եմ հստակ շեշտադրել, որ խոսքը ամենևին չի վերաբերում արհեստականորեն թվի բարձրացմանը: Խնդիրը բովանդակային առումով փոփոխություն բերելն է ոստիկանական համակարգ: Կանայք շատ արդյունավետ կարող են գործել մի շարք ոլորտներում, որոնք ոստիկանությունում կան՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի դեպքերը, սեռական ոտնձգության, անչափահասների հանցավորության դեմ պայքարի դեպքերը: Սրանք ոլորտներ են, որտեղ իրականում կանայք կարող են շատ արդյունավետ գործել»,-նշել է ՆԳ փոխնախարարը:

ՆԳ փոխնախարարը նշել է, որ ոստիկանությունում ծառայությունը հանրային անվտանգությունն ապահովելու երաշխիք է. դա համակարգում ծառայողի պարագայում մտածողություն է, այլապես հանրային ընկալման վերջին հացումներով Հայաստանի ներքին անվտանգային իրավիճակի առումով բարձր ցուցանիշներ չէին արձանագրվի:

ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին խոսել է ԱՄՆ ոստիկանությունում կանանց ներգրավվածության և արդյունավետ ծառայության հաջող փորձի մասին. «Մենք կապ ենք հաստատում կին ոստիկանների հետ՝ նրանց ընձեռելով մասնագիտական զարգացման հնարավորություններ տարբեր աշխատաժողովների և վերապատրաստումների շրջանակում: Ծառայողների կարողությունների զարգացումից բացի ուշադրության կենտրոնում ենք պահում նաև դասընթացավարների մասնագիտական գիտելիքների զարգացմանն ուղղված միջոցառումները»:

ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող հետազոտությունների շրջանակում ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նաթվլիշվիլին իր խոսքում անդրադարձել է ՆԳՆ-ում անցկացված գենդերային հավասարության ապահովման հնարավորությունների ուսումնասիրության մասին։

Առանձնացնելով տարբեր երկրների ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածությանը խոչընդոտող հանգամանքների ու պայմանների եզակիությունը, նա նշել է, որ «Գենդերային կնիք» մեթոդաբանությամբ իրականացված հետազոտությունները այդ հիմնախնդրի շրջանակում թույլ են տալիս հասկանալ երկրում տիրող իրավիճակը և լուծումներ մշակել այդ ուղղությամբ։

«Ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության մեծացումը մեխանիկական գործընթաց չէ, այն բազմաբարդ մարտահրավեր է։ Նախևառաջ պետք է հասկանալ այդ հիմնախնդրի պատճառներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ քայլեր ձեռնարկել»,-նշել է Նաթիա Նաթվլիշվիլին։

Լիտվիայի ՆԳՆ առընթեր ոստիկանության ներկայացուցիչ, միջազգային փորձագետ Օքսանա Պլեսկոն կիսվել է անձնական փորձառությամբ ՝ խոսելով հասարակության կարծրատիպերի և օրենսդրական իրավակարգավորումների մասին։ «Լիտվիայում ոստիկանական համակարգում կանանց ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով վերանայել ենք ընդունելության պահանջները և մի շարք չափանիշներ, հատկապես ֆիզիկական պատրաստության չափորոշիչները հանվել են, մասնավորապես այն պահանջները, որոնք չէին վերաբերվում աշխատանքային պարտականությունների կատարմանը»,-ներկայացրել է Օքսանա Պլեսկոն։

Օքսանա Պլեսկոն առանձնացրել է նաև կանանց պատշաճ կրթական հնարավորությունների ապահովման և հմտությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստումների անցկացման հարցերը՝ անդրադառնալով միջազգային առաքելություններին կանանց մասնակցության խրախուսման մեթոդներին։

«Կանանց աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն անդրադարձել է ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում կին ոստիկանների ներգրավվածության դրական արձագանքին։

Խոսելով ընտանեկան բռնության դեպքերի մասին՝ նա ընդգծել է կին ոստիկանի կատարած աշխատանքի առաջնային գնահատման և տուժածի՝ նրան վստահելու կարևորությունը։

ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանն անդրադարձել է կին դիմորդների ընդունելության խթանման ուղղությամբ նախարարության և կրթահամալիրի առջև դրված խնդիրներին։

Մանուկ Մուրադյանի ներկայացմամբ՝ փոփոխություններից հետո արձանագրվել է կանանց ընդունելության 17 տոկոս աճ։ Բացի այդ, հիմնական կրթական ծրագրերով սովորողների 44 տոկոսը կանայք են։

Արտաքին մարտահրավերներից բացի, պանելային քննարկման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են նաև կանանց համար ներքին մարտահրավերների, մասնավորապես՝ ապահով միջավայրի, իրավունքների իրացման, սոցիալական երաշխիքների վերաբերյալ հարցեր։

  • Կիսվել: