Հնդկաստանը Ֆրանսիայից 26 Rafale կործանիչ կգնի
Ֆրանսիան Հնդկաստանի հետ պայմանավորվել է Նյու Դելիին 630 միլիարդ ռուփիի (7,3 միլիարդ դոլար) 26 հատ Rafale Marine կործանիչ վաճառելու շուրջ: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հաղորդել են Հնդկաստանի ռազմածովային ուժերը։
Պայմանագրի ստորագրմանը ներկա են եղել Նյու Դելիում Ֆրանսիայի դեսպան Թիերի Մատուն և Հնդկաստանի պաշտպանության փոխնախարար Ռաջեշ Կումար Սինգհը։ Նաև առցանց ռեժիմով արարողությանը մասնակցել են երկու երկրների պաշտպանության նախարարներ Սեբաստիան Լեկոռնյուն և Ռաջնաթ Սինգհը։
Ապրիլի սկզբին Հնդկաստանի կառավարությունը համաձայնեցրել էր 22 մեկտեղանի և չորս երկտեղանի Rafale Marine գնելու, ինչպես նաև դրանց հետ կապված սպասարկման և անձնակազմի ուսուցման շուրջ համաձայնագիրը։
Ինքնաթիռները կտեղակայվեն հնդկական Vikramaditya և Vikrant ավիակիրների վրա՝ փոխարինելով հնացած ՄիԳ-29Կ-ներին։ Այս միջոցառումը համարվում է ժամանակավոր՝ մինչև Հնդկաստանի կողմից սեփական կործանիչի ստեղծումը։
Հնդկաստանը ֆրանսիական ինքնաթիռների առաջին խմբաքանակը պետք է ստանա հինգ տարի հետո, իսկ վերջինը՝ մինչև 2031 թվականը։
Հնդկաստանի ռազմաօդային ուժերն արդեն իսկ ունեն 36 Rafale ինքնաթիռ։