երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Մեր ավանդական քոչարու պարեղանակը կհնչի ուղիղ ժամը 18։00-ին՝ պարի հրավիրելով բոլոր նրանց, ովքեր սիրում են պարել. ԿԳՄՍ նախարար

Մեր ավանդական քոչարու պարեղանակը կհնչի ուղիղ ժամը 18։00-ին՝ պարի հրավիրելով բոլոր նրանց, ովքեր սիրում են պարել. ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ:

«Պարարվեստի հարգելի՛ գործիչներ, սիրելի՛ բարեկամներ,

ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային տոնացույցում ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր։

Պարը մարդուն ազատություն է տալիս՝ երաժշտության և մարմնի շարժումների միջոցով արտահայտելով մարդու հույզերն ու ապրումները կյանքի տարբեր իրավիճակներում։ Այն հասկանալի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական և ազգային պատկանելիությունից։ Պարը նաև մեր երեխաների մարմնակրթության և սոցիալականացման կարևոր բաղադրիչ է, որը պետք է արտահայտվի մշակութային կրթության տարբեր միջավայրերում։

ՀՀ կառավարությունը մշտապես պատրաստ է լինել ոլորտը զարգացնող լավ գաղափարների կողքին՝ աջակցելով հայաստանյան պարարվեստի առաջխաղացմանը, նոր բալետային և պարային ներկայացումների ստեղծմանը, պարարվեստի՝ միջազգային հանրությանը պատշաճ ներկայանալուն։

Հատկանշական է, որ Կառավարությունն աջակցում է ժամանակակից պարի ամենամյա փառատոնին. այս տարի նաև նոր և հետաքրքիր պարային ներկայացումների ակնկալիք ունենք՝ հաստատված դրամաշնորհային ծրագրերով:

Ամեն տարի ապրիլի 29-ին Հայաստանը ևս ապրում և շնչում է պարով. կազմակերպվում են տարբեր խմբերի համերգներ, բացօթյա պարային հանդիսություններ, հնչում են գնահատանքի խոսքեր, և հանձնվում պարգևներ։

Այս տարի ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ մարզերի և Երևանի պարախմբերը։ Մեր ավանդական քոչարին, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, կհնչի ուղիղ ժամը 18։00-ին՝ պարի հրավիրելով բոլոր նրանց, ովքեր սիրում են պարել։

 

Համոզված եմ, որ պարասեր հանրությունը սիրով կմասնակցի այդ տոնական արշավին։

Պարարվեստի սիրելի՛ գործիչներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ստեղծագործական նոր ներշնչանքներ և լեփ-լեցուն դահլիճներ։

Շնորհավո՛ր Պարի միջազգային օրը:

  • Կիսվել: