շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ջավախքում գազի արտոնություններից օգտվող ընտանիքների թիվը նվազել է

Ջավախքում գազի արտոնություններից օգտվող ընտանիքների թիվը նվազել է

Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում, 2020 թ.-ի նոյեմբերի համեմատ, գազի արտոնություններից օգտվող ընտանիքների թիվը դեկտեմբերին նվազել է 1 842 բաժանորդով: Սա կազմում է 10,59%, գրում է jnews.ge-ն:

Ըստ Ջավախքի «SJGC» գազաբաշխիչ ընկերության, Ջավախքում 2020 թ.-ի դեկտեմբերին սուբսիդավորումը վերաբերել է 8220 բաժանորդի, որից 5531-ը՝ Ախալքալաքի, իսկ 2689-ը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում:

Ախալքալաքի մունիցիպալիտետում, նոյեմբերի համեմատ, դեկտեմբերին գազի արտոնություններից օգտվող բաժանորդների թիվը 701-ով նվազել է և կազմել 5531: Այս բաժանորդներն օգտագործել են 276 219 լարի արժողությամբ 573 668 խորանարդ մետր բնական գազ:

Համեմատության համար նշենք, որ նոյեմբերին Ախալքալաքի մունիցիպալիտետում արտոնություններից օգտվել է 6232 բաժանորդ:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում դեկտեմբերին արտոնություններից օգտվել է 2689 բաժանորդ, ինչը 1114-ով պակաս է նոյեմբերի ցուցանիշից: Նրանք ծախսել են 327 810 խորանարդ մետր բնական գազ, որը կազմում է 158 293 լարի:

Նշենք, որ նոյեմբերին Նինոծմինդայի մունիցիպալիտետում գազի արտոնություններից օգտվել է 3830 ընտանիք:

Ընդհանուր առմամբ Ջավախքում (Ախալքալաք և Նինոծմինդա) բնական գազից օգտվում է շուրջ 17 402 բաժանորդ: Տոկոսային հարաբերակցությամբ, սուբսիդավորումը վերաբերել է Ջավախքի բաժանորդների 47,23%-ին:

Հիշեցնենք, որ COVID-19- ի տարածման բարդ իրավիճակի պատճառով, Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել ևս 4 ամիս փակել բաժանորդների կոմունալ ծախսերը: Այս արտոնությունից կարող են օգտվել այն բաժանորդները, ովքեր ամսական օգտագործում են ոչ ավելի, քան 200 խորանարդ մետր բնական գազ և 200 կվտ էլեկտրաէներգիա:

Նշենք նաև,որ Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման ազգային հանձնաժողովը (GNERC), կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, կոմունալ վճարումների էլեկտրոնային կտրոնների պարտադիր օգտագործման մասին որոշում էր կայացրել:

Էլեկտրաէներգիա, բնական գազ և խմելու ջուր սպառողները կոմունալ ծառայությունների էլեկտրոնային կտրոնները պիտի ստանային համապատասխան կոմունալ ծառայությունը մատուցող ընկերությունում գրանցված բջջային հեռախոսահամարին՝ կարճ տեքստային SMS հաղորդագրության միջոցով, սակայն Ախալքալաքի մունիցիպալիտետում բաժանորդները դրանք դեռ կստանան հին ձևով՝ թղթե կտրոններով:

  • Կիսվել: