կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Ուկրաինան Կասպից ծովում հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, կա զոհ. Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատասխան քայլեր ձեռնարկել. ԻԻՀ ԱԳՆ

Ուկրաինան Կասպից ծովում հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, կա զոհ. Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատասխան քայլեր ձեռնարկել. ԻԻՀ ԱԳՆ

Իրանի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է «ուկրաինական ռեժիմի» գրոհը Կասպից ծովում իրանական առևտրանավի դեմ, որի հետևանքով առավոտյան նավի վրա պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է իրանական, հաղորդել է IRNA-ն:

Նշվում է, որ Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Մեկ նավաստի զոհվել, ևս մեկը վիրավորվել է։ Իրանի Արտաքին գործերի նախարարությունը դա գնահատել է որպես Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում և ագրեսիայի ակտի օրինակ, որը կարող է էլ ավելի բորբոքել պատերազմի կրակը։

Կասպից ծովում իրանական առևտրանավի դեմ ուկրաինական ռեժիմի հարձակումը, որը բացահայտորեն ընդունվել է այդ ռեժիմի ղեկավարի կողմից, վկայում է Իրանի նկատմամբ ուկրաինական ռեժիմի թշնամական մոտեցման շարունակության մասին։

Ընդգծելով, որ Իրանը երբեք չի միջամտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդի, եվրոպական երկրների և ՄԱԿ բոլոր անդամների ուշադրությունն է հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ ուկրաինական ռեժիմը, հարձակվելով իրանական առևտրանավի վրա, ոչ միայն կատարել է միջազգային իրավախախտում, այլև վտանգավոր կերպով ձգտում է բորբոքել պատերազմի և անկայունության կրակը։

Ցանկացած կողմ, որը մտահոգված է Արևելյան Եվրոպայում և կից տարածաշրջաններում խաղաղությամբ և անվտանգությամբ, պետք է պատասխանատու դիրքորոշում որդեգրի ուկրաինական ռեժիմի այս վտանգավոր գործողությունների նկատմամբ և ուկրաինական կառավարությանը պատասխանատվության ենթարկի հանցավոր և սադրիչ գործողությունների համար։

Իրանն առանց վարանելու կպաշտպանի իր ազգային շահերն ու անվտանգությունը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին, հատկապես ինքնապաշտպանության սկզբունքին համապատասխան։ Ակնհայտ է, որ ուկրաինական ռեժիմի ղեկավարի արկածախնդրության հետևանքների պատասխանատվությունը կրելու են այդ ռեժիմը, նրա աջակիցներն ու հրահրողները»:

  • Կիսվել: