երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
«Ինչքա՞ն ենք օձերի մեջ ապրելու, մարդ ենք չէ՞». վարդաշենցի

«Ինչքա՞ն ենք օձերի մեջ ապրելու, մարդ ենք չէ՞». վարդաշենցի

Մենք էլ պիտի Վարդաշենի հանրակացարանի բնակիչների նման փողոց փակենք, բողոքի ակցիա անենք, որ մեր խնդիրները լուծեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի վթարային շենքերից մեկի բնակիչներից մեկը։ Նշենք, որ շենքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով բարելավել շենքի 17 բնակարանների պայմանները։

«Ճանապարհը փակելու ենք։ Եթե Ավինյանը տեղում չէ, արձակուրդում է, թո՛ղ ենթականերն իջնեն, մեր հարցերին պատասխանեն։ Մարդ ենք, ինչքա՞ն կարանք էդ օձերի մեջ ապրենք։ Արդեն օձերի տեսակները տարբերում ենք։ Մի տարեկան երեխա ենք մեծացնում էդ տանը։ Քնում ենք, չգիտենք՝ կարթնանանք թե չէ։ Մեզ ամեն անգամ խաբում են, չենք գնալու քաղաքապետարանի մոտից, մինչև մեր հարցերին չպատասխանեն»,–ասաց բնակիչը։

Բնակչի խոսքով, Էրեբունի վարչական շրջանի թաղապետը խնդրին քաջատեղյակ է, սակայն հրաժարվում է բնակիչների հետ հանդիպել և պատասխանել նրանց հարցերին։

  • Կիսվել: