հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իմ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ինձ հնարավորություն է ընձեռվել ավելի շատ մարդկանց օգնելու․ ՔՊ պատգամավոր

Իմ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ինձ հնարավորություն է ընձեռվել ավելի շատ մարդկանց օգնելու․ ՔՊ պատգամավոր

«Իմ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ հեղափոխությունից հետո ինձ հնարավորություն է ընձեռվել ավելի շատ մարդկանց օգնելու»,- այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ։

Պատգամավորը հյուրերին ներկայացրել է երկրի կառավարման համակարգը, անդրադարձել է օրենսդիր մարմնի գործունեությանը։ Այս համատեքստում նա ներկայացրել է իր հեղինակած օրենսդրական նախաձեռնությունները:

Նրա խոսքով՝ բոլոր օրենսդրական նախաձեռնությունները պետք է ուղղված լինեն ժողովրդի կյանքի բարեկեցության բարձրացմանը։

Այն հարցին, թե ինչ է արվում համայնքների զարգացման ուղղությամբ՝ Հայկ Սարգսյանը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացրած գյուղատնտեսական տարբեր ծրագրերը։

Նա կարեւորել է նաեւ մեր երկրում տուրիզմի զարգացումը, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսական ցուցանիշի բարելավմանը։

 

Կիսվելով իրենց մտահղացումներով՝ ուսանողներն առաջարկել են քոլեջներում եւ դպրոցներում տեխնոլոգիա առարկան փոխարինել ռոբոտաշինության դասընթացներով։

Խորհրդարան էին այցելել նաեւ Երեւանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 հիմնական դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները։
«Բաց դաս»-ն անցկացվել է ԱԺ նիստերի դահլիճում։ Նրանց հետ հանդիպել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Թագուհի Ղազարյանը։

«Մեր պատկերացրածը պրոֆեսիոնալ բանակն է, սակայն մեր երկիրը դեռ պատրաստ չէ դրան. անվտանգային մարտահրավերներ ունի»,- ասել է Թագուհի Ղազարյանը՝ անդրադառնալով աշակերտի այն դիտարկմանը, որ տղաները դպրոցն ավարտելուց հետո միանգանից զորակոչվում են բանակ։ Աշակերտները հետաքրքրվել են, թե արդյո՞ք հնարավոր է զորակոչի տարիքը փոխել։

«Մենք մեր կողմից անելու ենք ամեն ինչ՝ երկրում խաղաղություն ապահովելու համար։ Եթե կա խաղաղություն, նշանակում է կա անվտանգություն»,- վստահեցրել է Ծովինար Վարդանյանը՝ պատասխանելով մեր երկրի անվտագնության վերաբերյալ հնչեցված հարցին:
Աշակերտները մտահոգված էին նաեւ գնաճով, դոլարի ինքնարժեքի տատանումով։ Ծովինար Վարդանյանը մանրամասնել է բոլոր պատճառները՝ հավաստիացնելով, որ գնաճը դրսեւորվում է ամբողջ աշխարհում։

Թագուհի Ղազարյանն անդրադարձել է նաեւ դասագրքերի արդիականացմանը եւ դպրոցների տեխնիկապես հագեցվածությանը։

Հյուրերը եղել են ԱԺ գրադարանում, ծանոթացել խորհրդարանի թանգարանային նմուշների պատմությանը։ Նիստերի դահլիճում լուսանկարվել են պատգամավորների հետ, որտեղ նրանց է միացել նաեւ նույն խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։

  • Կիսվել: