կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է ստացել պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց վերաբերող նախաձեռնությունը

Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է ստացել պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց վերաբերող նախաձեռնությունը

Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ենթակա են 18-27 տարեկան արական սեռի քաղաքացիները: Նրանք 18 տարեկանում զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության: Սակայն մինչեւ 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դեպքում այդ քաղաքացիները շարունակում են մնալ հետախուզման մեջ, քրեական հետապնդման տակ. ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

«Այս պահի դրությամբ ունենք 5 հազարից ավելի քաղաքացիներ, որոնց 27 տարին լրացել է, եւ նրանք չեն կարողանում գալ ու անցնել պարտադիր զինվորական ծառայություն: Նրանք ունեն միայն մեկ տարբերակ` դատապարտվել ազատազրկման»,- ընդգծել է պատգամավորը:

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթով Հայկ Սարգսյանն առաջարկում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն` միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումար կամ առանց զինվորական ծառայություն անցնելու պետական բյուջե վճարելով համապատասխան գումար: Նշված բոլոր դեպքերում քաղաքացին կազատվի քրեական պատասխանատվությունից:

 

Առաջինից երկրորդ ընթերցում հեղինակը ներկայացրել է առաջարկներ, այդ թվում` տեխնիկական բնույթի: Զեկուցողը նշել է, որ Կառավարությունը դրանցից հավանության է արժանացրել 1 ամիս ծառայության դիմաց 10 մլն դրամը 8 մլն դրամ դարձնելու առաջարկը: Հայկ Սարգսյանի խոսքով փոփոխությունը կնպաստի օրենքից օգտվել ցանկացող հավանական շահառուների թվի ավելացմանը:

Հեղինակի մեկ այլ առաջարկ վերաբերում է նոր քաղաքացիություն ստացող անձանց: Նախաձեռությամբ սահմանվում էր, որ 27-35 տարեկան արական սեռի այն անձինք, որոնք կդառնան ՀՀ քաղաքացի, պարտավոր կլինեն ծառայելու 1 տարի կամ վճարելու 2,5 մլն դրամ: Առաջինից երկրորդ ընթերցում ընդլայնվել է տարիքային շեմը` սահմանվելով 18-45:

Զեկուցողի կարծիքով փոփոխությունները կնպաստեն ունենալու հավելյալ զորակոչիկներ, ինչպես նաեւ պետական բյուջե գեներացնելու ֆինանսական միջոցներ:

Հայկ Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են նախաձեռնության գաղափարախոսությանը, բյուջե վճարվելիք գումարների չափի տրամաբանությանը եւ այլն: Հեղինակը նշել է` այն քաղաքացիները, որոնք 27 տարին լրանալուց հետո կգան Հայաստան, սակայն առողջական պատճառներով պիտանի չեն լինի ծառայության, պարտավոր կլինեն վճարել պետբյուջե 15 մլն դրամ: Սակայն եթե նախաձեռնությունը չընդունվի, ապա այդ քաղաքացիները ոչ գումար կվճարեն, ոչ էլ կծառայեն?

Հարակից զեկուցող Վահագն Ալեքսանյանը ողջունելի է համարել նախաձեռնությամբ 27 տարին լրացած եւ արտերկրում գտնվող քաղաքացիներին ծառայելու հնարավորության ընձեռումը: Պատգամավորը նաեւ ներկայացրել է իր դատարկումները` նշելով, որ նախաձեռնությամբ ոլորտում առկա խնդիրների լուծման համար առաջարկվում են օրինական լուծումներ:

 

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշել է, որ Կառավարության ներկայացրած առաջարկներից որոշները չեն իրացվել առաջին ընթերցումից հետո եւ հորդորել հեղինակին իրացնել դրանք: Կառավարության դիրքորոշումն այն է, որ օրենքն ընդունվելու պահին կիրառվի եւ վերաբերվի միայն 27 տարին լրացած անձանց:

Ըստ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի` Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ քաղաքացիության շնորհման գործող կանոններում որեւէ փոփոխություն կատարելուց:

Ելույթներում պատգամավորները ներկայացրել են իրենց մտահոգությունները եւ առաջարկները: Որոշ փոփոխություններ համարվել են անընդունելի ու ոչ արդար:

 

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ընդունելի համարելով նախաձեռնության գաղափարը, նշել է, որ, այնուամենայնիվ, որոշ հարցերի վերաբերյալ հանձնաժողովը չպետք է սխալ որոշումներ կայացնի:

Քննարկման ընթացքում նախաձեռնության հեղինակն ընդունելի է համարել Կառավարության գրեթե բոլոր առաջարկները: Հայկ Սարգսյանը չի ընդունել միայն քաղաքացիություն ստացող անձանց չծառայելուն եւ պետբյուջե գումար չվճարելուն վերաբերող գործադիրի առաջարկը:

Օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 11-ի նիստում:

Լրամշակված նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

  • Կիսվել: