Տերն իջել է այդտեղ, որովհետև մայրաքաղաքն էր Վաղարշապատը. Փաշինյանն այն մասին, թե ինչու է Մայր Աթոռն Էջմիածնում
Կան հարցեր, որոնք մեր իրականության մեջ ընդունված չէ անդրադառնալ: Օրինակ՝ ինչու՞ է Մայր Աթոռը Էջմիածնում: Այս մասին Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացնելով Իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարող ե՞ն ներկայացնել վարկածներ, ո՞րն է պատճառը, որ Մայր Աթոռը գտնվում է Էջմիածնում և ոչ թե ասենք Արտաշատում, Երևանում, Գյումրիում: Ի՞նչն է պատճառը: Դրա համար կա ընդամենը մեկ պատճառ, որովհետև 301թ. Հայաստանի մայրաքաղաքը Վաղարշապատն էր: Այսինքն միայն Վաղարշապատի մայրաքաղաք լինելու հանգամանքն է պայմանավորում Մայր Աթոռի Էջմիածնում լինելը: Էջմիածինը, ի միջայլոց, Մայր Աթոռի կառուցման վայրն է, որը համաձայն ավանդության Տիրոջ իջնելու վայրն է:
Բայց դա էլ է հարց՝ ինչու՞ է Տերը իջել հենց այդտեղ, որովհետև Տերն էլ չի կարող պատահական տեղ իջել: Նա էլ գիտի որտեղ է պետք իջնել, և տվյալ դեպքում Տերն իջել է այդտեղ, որովհետև մայրաքաղաքն էր Վաղարշապատը:
Հաջորդը՝ ինչու՞ է առաջին դպրոցը Մեսրոպ Մաշտոցի կողմից բացվել Վաղարշապատում: Էլի դրա համար կա մի պատճառ. որովհետև Վաղարշապատը մայրաքաղաքն էր, և ուրիշ որևէ պատճառ դրա համար չկա»,-ասել է նա: