Թրամփը Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկող գործադիր հրամանագիր կստորագրի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սիրիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ գործադիր հրամանագիր կստորագրի, ինչը մեծ փոփոխություն կմտցնի ԱՄՆ-ի և Սիրիայի հարաբերություններում: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, տեղեկացնում է NBC News-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Սա արվում է երկրի կայունության և խաղաղության ուղին խթանելու և աջակցելու համար։ Հրամանը կվերացնի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները՝ միաժամանակ պահպանելով նախկին նախագահ Ասադի, նրա համախոհների, մարդու իրավունքների խախտողների, թմրանյութերի ապօրինի շրջանառության, քիմիական զենքին առնչվող անձանց, ԴԱԻՇ-ի և դրան առնչվող կազմակերպությունների, ինչպես նաև իրանցի միջնորդների նկատմամբ պատժամիջոցները»:
Նշենք, որ մայիսին Թրամփը Սաուդյան Արաբիայում հանդիպել էր Սիրիայի առաջնորդ Ահմեդ աշ-Շարաայի հետ։ Մինչ այդ նա հայտարարել էր Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին։