շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Հուլիսի 1-ից որևէ ցույց չի լինելու. վարչապետը՝ սպանդանոցների մասին

Հուլիսի 1-ից որևէ ցույց չի լինելու. վարչապետը՝ սպանդանոցների մասին

Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը խոսեց սպանդանոցներից՝ նշելով, որ իրենց այն առաջարկը, թե մինչև  հուլիսի 1-ը հետաձգում են սպանդանոցներում պարտադիր մորթը, հանրության կոնկրետ շրջանակների կողմից արձագանքը բացասական չէ։

Նա առաջարկեց մինչև փետրվարի 6-ի նիստը ուսումնասիրել սուբսիդավորվող վարկերի ծրագրերը, արտոնյալ կարգով սպանդանոցների ֆինանսավորումը և գումարած դրան լիզինգային ծրագրերը, որոնց մեջ պետք է լինեն շարժական սպանդանոցները:

«Կազմվում է նախընտրելի քարտեզ բաշխվածության և խտության, և մենք հասցեական ֆինանսավորում ենք և այնպես ենք անում, որ սպանդանոցները ունենան անհրաժեշտ բաշխվածությունը, որ համաչափ լինի», - ընդգծեց վարչապետը։

Բացի դրանից, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդունում են առաջարկներ, թե ինչպես կարող են հարստացնել այս փաթեթը, որ առավել արդյունավետ լինի:

«Այս ամենի արդյունքում պայմանավորվում ենք, որ մինչև հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործում են հանրային սննդի օբյեկտները և սուպերմարկետները, մյուս տեղերում թողում ենք իրավիճակը այնպիսին, ինչպիսին կա այս կարգավորումից առաջ՝ պայմանով, որ հուլիսի 1-ից անցնելու են այս համակարգին և որևէ ցույց, բողոքի դրսևորում չի լինելու: Եթե այս պայմանը բողոքի գործողություններ իրականացնող հայրենակիցների համար ընդունելի է կամ համաձայն են, որ պայմանավորվենք սրա շուրջ, ապա փետրվարի վեցի նիստի օրակարգին մենք այս հարցին անդրադառնում ենք և վերջ, իսկ եթե պարզվի ընդունելի չէ, ուրեմն պետք է ասենք, որ այսօրվանից է գործելու: Եթե ընդունելի չէ, այսօրվանից թող ընդունելի չլինի», - ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ պետք է իրազեկման աշխատանքներ իրականացնել, որ մարդիկ իմանան ինչպես են գործելու սպանդանոցները:

 

 

  • Կիսվել: