կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կայացել է «Երիտասարդության մասին» օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը

Կայացել է «Երիտասարդության մասին» օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը, որը նախագահել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Խումբը կազմված է պետական հատվածի, քաղաքացիական հասարակության կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև համանման աշխատանքներում ներգրավված ոլորտային դերակատարներից:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի 1-ին նիստն այսօր անցկացվում է մեծ կազմով, որովհետև երիտասարդական քաղաքականության ոլորտում կարևորագույն նախաձեռնություն է իրականացվում: Նախարարի տեղակալն անդրադարձել է «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությանը, ՀՀ կառավարության ծրագրով ԿԳՄՍ նախարարության պարտավորություններին և ժամկետներին: Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ 2023 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի աշխատակարգը և աշխատանքային խմբի ու ենթախմբերի անհատական կազմերը:

Արթուր Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ նախագծի մշակման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մինչ այս իրականացվել են մի շարք քայլեր.

«2023 թվականի մարտին «Երիտասարդական քաղաքականության մշակում» ԵՄ-ԵԽ երիտասարդական համագործակցության ծրագրի շրջանակում ձևավորվել է հայկական պատվիրակություն՝ կազմված պետական լիազոր մարմնի, Ազգային ժողովի և ՔՀԿ ներկայացուցիչներից: Պատվիրակությունը մասնակցել է Քիշնև քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված առաջին առկա սեմինարին:

ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության իրավական հիմքերի կատարելագործմանն ուղղված քայլերի շրջանակում այս տարի իրականացվել են ճանաչողական այցեր Լատվիայի Հանրապետություն և Լիտվայի Հանրապետություն՝ ուսումնասիրելու այդ երկրներում ոլորտը կարգավորող օրենսդրությունները: Հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվել են երկու երկրներում երիտասարդության մասին օրենքները և երիտասարդական քաղաքականության գործող համակարգը կարգավորող մեխանիզմները»,- նշել է նախարարի տեղակալը՝ ներկաներին մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք:

Աշխատանքային խմբի քարտուղար, Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության գլխավոր մասնագետ Արմենուհի Պետրոսյանը ներկայացրել է աշխատանքային խմբում ընդգրկված անդամների գործառույթները: Նա ներկայացրել է նաև ամենամյա «Երիտասարդական ֆորում 2023»-ի արդյունքները: Այնուհետև Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանի առաջարկությամբ քննարկվել և հաստատվել է «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ժամանակացույցը:

«Կրթության և երիտասարդների զարգացման հայկական կենտրոն» ՀԿ հիմնադիր Դանիել Շահումյանը ներկայացրել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում իրականացված «Հայաստանում երիտասարդական քաղաքականության բարեփոխման առաջարկները» և «Երիտասարդական քաղաքականության էությունը, սուբյեկտները և իմպլեմենտացիան. միջազգային փորձ և Հայաստանի իրականություն» վերլուծությունը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա Բարֆյանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հասմիկ Ալեքսանյանը և «Երիտասարդական քաղաքականության մշակում» ԵՄ-ԵԽ երիտասարդական համագործակցության ծրագրի մենթոր Զառա Լավչյանը վերահաստատել են նախկին պայմանավորվածությունը` «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման համար անհրաժեշտ աջակցություն տրամադրելու վերաբերյալ։

Արդյունքում հաստատվել է, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Մանկական հիմնադրամի կողմից կտրամադրվեն ոլորտային և իրավական փորձագետներ:

Նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ Հակոբ Քնաջյանը ներկայացրել է «Երիտասարդության մասին» օրենքի նախագծի կառուցվածքի նախնական տարբերակը: Աշխատանքային խմբի որոշմամբ՝ մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ խմբի անդամները կներկայացնեն կառուցվածքի վերաբերյալ բովանդակային առաջարկներ:

 

  • Կիսվել: