շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՀՀ-ում տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերը նվազել են

ՀՀ-ում տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերը նվազել են

Հայաստանում 2022 թվականի երրորդ եռամսյակում տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի, ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների դեպքերը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նկատելիորեն նվազել են: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցի համաձայն, մասնավորապես, 2022 թվականի երրորդ եռամսյակում գրանցվել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 20 դեպք: 2021 թվականի նույն եռամսյակում՝ 31 դեպք: Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում գրանցվել է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 18, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 23 դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ նվազման պատճառներից մեկը ներքաղաքական առումով համեմատաբար ավելի հանգիստ իրավիճակն է:

«Երբ երկրում սրվում է հասարակական, քաղաքական իրավիճակը՝ պայմանավորված ընտրություններով, լայնածավալ ակցիաներով, արտաքին մարտահրավերներով, ավելանում են բոլոր տեսակի ճնշումներն ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների դեպքերի նվազում նկատվում է ընթացիկ տարվա նախորդ եռամսյակների համեմատ ևս: Առաջին եռամսյակում գրանցվել է այդպիսի 45 դեպք, երկրորդ եռամսյակում՝ 24, երրորդ եռամսյակում՝ 20:

«Թեպետ ցուցանիշների նվազում նկատվում է, բայց ես կարծում եմ, որ այս տեսանկյունից իրավիճակն էապես չի բարելավվել: Լրատվամիջոցներն են սկսել ավելի քիչ դիմել, որովհետև շատ դեպքերում պատշաճ պատասխան չեն ստանում, լղոզված պատասխանները շատ են լինում: Զավեշտալին այն է, որ տեղեկություն տրամադրելու 5 օրյա ժամկետը լրանալուց հետո պահանջում են 30 օր, դրա ավարտին էլ ասում են՝ գաղտնիք է, չենք կարող պատասխանել»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Սեպտեմբերի 14-ին ԱԺ-ի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխությունների ընդունումը, որոնցով խստացվեց պատասխանատվությունը տեղեկատվության ազատության խախտումների համար։ Ըստ այդմ՝ հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկություններ չտրամադրելու համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկից մինչև 50-ապատիկի չափով տուգանքը դարձել է 30-ապատիկից 70-ապատիկ, իսկ վարչական տույժ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով տուգանքը դարձել է 100-ապատիկից մինչև 150-ապատիկ: Աշոտ Մելիքյանը հույս հայտնեց, որ նման խստացումը իր դրական ազդեցությունը կթողնի պատասխանատուների կողմից տեղեկությունների տրամադրման գործընթացի վրա:

Անդրադառնալով ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական հայցերին՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ երրորդ եռամսյակում քիչ տարբերությամբ աճ է գրանցվել: Երրորդ եռամսյակում գրանցվել է նման 9 դեպք, երկրորդ եռամսյակում՝ 8, առաջին եռամսյակում 7: Բոլոր գործերը հիմնականում վիրավորանքի և զրպարտության հիմքով են:

Լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների առավել արտառոց դեպքերի առնչությամբ լրագրողական 11 կազմակերպություններ հանդես են եկել դատապարտող հայտարարություններով։

Մեդիա դաշտում տեղի ունեցող իրադարձությունները եղել են նաև միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես՝ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է Հայաստանում «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը՝ այդ համատեքստում կարևորելով կառավարության և քաղաքացիական հասարակության կառույցների միջև երկխոսությունը։

  • Կիսվել: