հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թաիլանդի նորանշանակ դեսպանը

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թաիլանդի նորանշանակ դեսպանը

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին նոյեմբերի 25-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սասիվատ Վոնգսինսավատը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից, մանրամասնելով, որ Արմեն Սարգսյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել դիվանագետին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում:

Դեսպան Սասիվատ Վոնգսինսավատը ընդգծել է, որ թաիլանդական կողմը շահագրգռված է խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները և պատրաստակամություն է հայտնել իր մասնակցությունն ունենալ երկու երկրների միջև կապերի ակտիվացման, համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման և փոխգործակցության ընդլայնման մեջ:

Անդրադառնալով համագործակցության ուղղություններին՝ կողմերը մասնավորապես կարևորել են զբոսաշրջության ոլորտում գործակցության խթանումը՝ ընդգծելով, որ այն կնպաստի ինչպես գործարար կապերի, այնպես էլ երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացմանը: Նշվել են նաև ոսկերչության և ակնագործության, կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները, խոսվել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության շուրջ:

  • Կիսվել: