ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ ՄԻՊ-ի աջակցությամբ վերականգնվել է քաղաքացու մեքենա վարելու իրավունքը

ՀՀ ՄԻՊ-ի աջակցությամբ վերականգնվել է քաղաքացու մեքենա վարելու իրավունքը

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով, որ Ոստիկանության պարեկային ծառայողները կայացրել են անհիմն վարչական ակտ՝ զրկելով իրեն մեքենա վարելու իրավունքից 1 տարի ժամկետով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Ըստ դիմումատուի՝ պարեկային ծառայության աշխատակիցները վարչական իրավախախտման վերաբերյալ որոշում են կայացրել, քանի որ իր կողմից վարած մենքենայի գույնը և պետհամարանիշը տարբերվել են Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում առկա տվյալներից։ Տեղեկացրել է նաև, որ տվյալ մեքենան սեփականության իրավունքով պատկանում է ոչ թե իրեն, այլ այն կազմակերպությանը, որտեղ աշխատում է, իսկ հաշվառման համարանիշները կազմակերպության ներկայացուցիչները անուշադրությամբ տեղադրել են նույն մակնիշի մեկ այլ մեքենայի վրա, ինչի արդյունքում էլ առաջացել է նման խնդիր։

Կայացված վարչական ակտի իրավաչափությունը վերանայելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն։ Իրականացվել են լսումներ, ուսումնասիրվել են Պարեկային ծառայության ծառայողի անհատական տեսաձայնագրող սարքի տեսաձայնագրությունը։

Արդյունքում, վարչական իրավախախտման մասին որոշումը բեկանվել է և վերականգնվել է քաղաքացու մեքենա վարելու իրավունքը։

  • Կիսվել: