շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ գլխավոր դատախազը Մոսկվայում այցելել է հայկական եկեղեցի

ՀՀ գլխավոր դատախազը Մոսկվայում այցելել է հայկական եկեղեցի

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվանից տեղեկացնում են, որ ՀՀ գլխավոր դատախազը Մոսկվայում այցելել է հայկական եկեղեցի: 

՛՛Հունվարի 13-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում հյուրընկալեց Տեր Եզրաս արք․ Ներսիսյանը։

Մասնավոր զրույցի ընթացքում թեմակալ առաջնորդը ներկայացրեց թեմի հոգևոր, մշակութային, կրթական և սոցիալական ոլորտի գործունեությունը՝ միաժամանակ ընդգծելով համայնքի համախմբվածությունը Եկեղեցու և ազգային արժեքների շուրջ։ «Դրա վառ վկայությունն է վերջին շրջանում համավարակի և հետպատերազմյան շրջանում Մայր հայրենիքի տնտեսական և սոցիալական ծանր իրավիճակի հաղթահարմանն ուղղված ռուսաստանաբնակ հայերի օգնությունը, որում մեծապես կարևորում ենք հոգևոր արժեքների վերականգնումը»,-ասաց սրբազան հայրը։

Գլխավոր դատախազն իր խոսքում շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ առաջին անգամ է այցելում Մոսկվայի եկեղեցական համալիր և տպավորված է հոգևոր կենտրոնի կոթողայնությամբ, թեմի ազգանպաստ գործունեությամբ։ «Մշտապես համոզված եմ եղել, որ Հայ Եկեղեցին հատկապես սփյուռքում անգնահատելի ծառայություն է բերում ազգային-հոգևոր արժեքների պահպանման ու զորացման գործում»,- նշեց Արթուր Դավթյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 13-ի առավոտյան ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել էր ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ և ստորագրել ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև 2021-2022թթ. համագործակցության ծրագիրը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: