շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հեղեղատարների մաքրման գործընթացը մեկնարկել է․ կանխվում են տեղումների ժամանակ հեղեղումները

Հեղեղատարների մաքրման գործընթացը մեկնարկել է․ կանխվում են տեղումների ժամանակ հեղեղումները

Մայրաքաղաքում ընթացքի մեջ է հեղեղատար համակարգերի մաքրման գործընթացը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Վեոլիա Ջուր» ընկերությանն առաջարկել է ըստ հասցեականության հեղեղատարների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել նաև քաղաքապետարանին: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շրջայցերի միջոցով, ըստ հասցեների գրանցել խնդիրները, որպեսզի տեղումների ժամանակ հեղեղումներ չլինեն:

Ամփոփելով աշխատանքային շրջայցերի արդյունքները՝ Երևանի քաղաքապետը բարեկարգվող տարածքները ծրագրում ոչ լիարժեք ընդգրկելու վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել: Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է բացառել թերի նախագծերի մշակումը և հետևել, որպեսզի բարեկարգման ծրագրերը կրեն համալիր բնույթ:

«Շտապբուժօգնություն» ընկերության զանգերի կենտրոնում ներդրված համակարգն առավել արդյունավետ է դարձրել կանչերի արձագանքման գործընթացը: Օրական՝ 1-03 հեռախոսահամարի մուտքային 20-30 հեռախոսազանգ հետադարձ կապի հնարավորություն է ստանում:

Անվտանգության ապահովման նպատակով էտվում և հեռացվում են ճանապարհային երթևեկության նշաններին խանգարող ճյուղերը: Խնդրահարույց հասցեները տրամադրվում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին, աշխատանքները կրում են պարբերական բնույթ:

Երևանի քաղաքապետարանը ոստիկանության հետ համատեղ քաղաքի տարբեր հատվածներում շարունակում է ուժեղացված ստուգայցերը՝ բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Զեկուցվել է, որ վերջին շաբաթում ապօրինի փողոցային առևտրի 36 արձանագրություն է կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ։ Ընթացքում է գտնվում 112 վարչական վարույթ։

  • Կիսվել: