չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայտնի են ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերի՝ Հայաստանի հաղթողները

Հայտնի են ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերի՝ Հայաստանի հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայկական ազգային Դելփյան կոմիտեի» և «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» կազմակերպմամբ հայ երիտասարդները 2021 թվականի դեկտեմբերի 7-10-ը մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերին։

COVID-19-ի տարածմանը հակազդելու նպատակով միջոցառումը կազմակերպվել է հեռավար ձևաչափով։ Մրցույթներն անցկացվել են 10 անվանակարգերում՝ դաշնամուր, ջութակ, ակադեմիական, ժողովրդական և էստրադային երգեցողություն, ժողովրդական և ժամանակակից պար, կրկեսային արվեստ, ժողովրդական և փողային գործիքներ՝ բաժանված տարիքային խմբերի։

Ընդհանուր առմամբ խաղարկվել է մրցանակների 27 հավաքածու։ Դեկտեմբերի 28-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի են ունեցել հաղթողների մրցանակաբաշխության արարողությունն ու գալա համերգը, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նախարարի տեղակալը շնորհավորել է ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերի հայաստանյան մասնակիցներին և միջազգային ժյուրիի կազմում Հայաստանը ներկայացրած ժյուրիի անդամներին և նշել, որ նման ստուգատեսներն ու միջոցառումներն ունեն ոչ միայն գեղագիտական, գեղարվեստական, այլև կրթական, հոգեբանական և քաղաքական հսկայական նշանակություն:

«Այս ձևաչափերով մենք ապահովում ենք մեր ներկայությունն աշխարհում, միջազգային տարբեր հարթակներում, իսկ դա մեր օրերում չափազանց կարևոր նշանակություն ունի, առավել ևս, որ մենք ունենք այսպիսի ներկայանալի ռեսուրս՝ պատանի տաղանդավոր, օժտված երաժիշտ-կատարողներ: Իմ կարծիքով, երաժշտության բնագավառում փորձառու և պրոֆեսիոնալ մանկավարժների շնորհիվ սերնդափոխության բնականոն ընթացքը չի ընդմիջվել, և մենք նման տարաբնույթ ծրագրերով հաստատում ենք սերնդափոխության բնականոն գործընթացները:

Այս համատեքստում իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մանկավարժներին կատարած աշխատանքի և մեծ նվիրումի համար››,- ընդգծել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և տեղեկացրել, որ «Դելփյան խաղերում» առաջին տեղը զբաղեցրած մրցանակակիր պատանիների մանկավարժները՝ Ծովինար Հովհաննիսյանը (ժողովրդական գործիքներ) և Հասմիկ Հակոբյանը (դաշնամուր), պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍՆ գերատեսչական պարգևով:

ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերի՝ Հայաստանի հաղթողներն են՝

1-ին մրցանակ
Սարգսյան Գուռ (դաշնամուր 14-17 տ․),
Խաչատրյան Էրիկա (ժողովրդական գործիքներ 10-13 տ․),
Հարությունյան Անահիտ (ժողովրդական գործիքներ 18-25 տ․),

2-րդ մրցանակ
Հարությունյան Օվսաննա (ջութակ 14-16 տ․),
Վարդանյան Գրետա (ժողովրդական գործիքներ 14-17 տ․),
Խաչատրյան Աիդա (կրկեսային արվեստ 10-15 տ․),

3-րդ մրցանակ
Հակոբյան Սվետլանա (դաշնամուր 14-17 տ․),
Պուչինյան Արմեն (դաշնամուր 18-25 տ․),
Ղուշչյան Անի (ակադեմիական երգեցողություն 22-25 տ․),
Խորոզյան Էդուարդ (փողային գործիքներ 14-17 տ.),
Զաքարյան Արարատ (ժողովրդական երգեցողություն 10-13 տ․),
Մալոյան Ռիտա (ժողովրդական երգեցողություն 14-17 տ․),
«Սարդարապատ» պարարվեստի դպրոց-ստուդիա, գեղարվեստական ղեկավար՝ Էդգար Հակոբյան
(ժողովրդական պար, 10-14 տ․)
Խաչատրյան Աիդա և Գինոսյան Սերինե (կրկեսային արվեստ, 10-24 տ․)

ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերն անցկացվել են ԱՊՀ 30-ամյակին նվիրված հիմնական միջոցառումների պլանի համաձայն։

  • Կիսվել: