«Հայփոստը» ստացել է Էլեկտրոնային փող թողարկելու և սպասարկելու թույլտվություն
«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարում է, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ընկերությունը 2021 թ. մարտի 11-ին ստացել է Էլեկտրոնային փող թողարկելու և սպասարկելու թույլտվություն: Այժմ նախատեսվում է բոլոր փոստային բաժանմունքներում կենսաթոշակների վճարումներն իրականացնել նաև անկանխիկ եղանակով՝ էլեկտրոնային դրամապանակով:
Ծառայությունից օգտվելու համար կենսաթոշակառուն պարզապես պետք է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր/ID քարտ) մոտենա «Հայփոստի»`իր հասցեն սպասարկող փոստային բաժանմունք:
«Ուրախ ենք, որ «Հայփոստը» ևս մեկ նորարարությամբ է հանդես գալիս: Այս ծրագիրը ստեղծելիս մեզ համար կարևոր սկզբունք է եղել, որ կենսաթոշակառուն շարունակի սպասարկվել առավել հարմար եղանակով, և այժմ կենսաթոշակառուի կողմից լրացուցիչ գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն չկա»,- նշում է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Կենսաթոշակառուն իր՝ «Հայփոստ» դրամապանակի հաշվից գումարի կանխիկացման գործարքները կատարելու է առանց միջնորդավճարի: Էլեկտրոնային դրամապանակով սպասարկումը հնարավորություն է տալիս կենսաթոշակների վճարումը շարունակել իրականացնել նաև փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով: