հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայկական կողմը կազմակերպել է հակառակորդի գերիների պատշաճ բուժօգնությունը և վերադարձը, իսկ այսօր գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ կան. Ավանեսյան

Հայկական կողմը կազմակերպել է հակառակորդի գերիների պատշաճ բուժօգնությունը և վերադարձը, իսկ այսօր գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ կան. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին և «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանին:
 
Մաքսիմ Լոնգանգեն հետաքրքրվել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով, Արցախյան պատերազմի հետևանքով տուժած և ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների կարիքներով:
 
Անդրադառնալով պատերազմին և դրա հետևանքներին` Անահիտ Ավանեսյանը նշել է. «Հայկական կողմը թե՛ պատերազմի ընթացքում, և թե՛ դրանից հետո կազմակերպել է ադրբեջանական կողմի գերիների պատշաճ բուժօգնությունը և վերադարձը: Այնինչ, այսօր դեռևս գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ կան և այդ առումով ակնկալում ենք միջազային ատյանների ճնշումը` օր առաջ նրանց վերադարձը կազմակերպելու հարցում»:
 
Հյուրերը ներկայացրել են նաև Հայաստանում «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի իրականացման հեռանկարները և պատրաստակամություն հայտնել արձագանքել նախարարության կողմից ներկայացվող կարիքներին:
 
Կողմերը դիտարկել են Հայաստանին ընձեռված հնարավորությունը՝ լինելու առաջին երկիրը, որտեղ իրականացվում է այսպիսի ծրագիր: Այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ ներկայումս նախապատրաստվում են կենսաբժշկության ոլորտում անդամ-պետությունների հետ բազմակողմանի և բազմաչափ համագործակցության նոր նախագծեր:

  • Կիսվել: