ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանը շուտով ձեռք կբերի նոր կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ

Հայաստանը շուտով ձեռք կբերի նոր կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ այսօր տեղի է ունեցել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի  համար ստեղծված միջգերատեսչական  հանձնաժողովի առաջին նիստը, որում քննարկել են  ստեղծված իրավիճակը, կատարված քայլերն ու ապագային միտված անելիքները: 

Բացի այդ, ըստ նրա, քննարկել են Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումների հարցը, որի վերաբերյալ 1-2 օրում որոշում կկայացվի։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են Առողջապահության համաշխարահային կազմակերպության միջազգային բժշկական կանոններով, կատարվում են: Դրա մեջ է մտնում սահմանային հսկողությունից սկսած մինչև վերջնական ախտորոշումը և վարումը։

Նախարարը հայտարարեց, որ Հայաստանն արդեն պայմանավորվածություն ունի չինական մի ընկերության հետ և շուտով ձեռք կբերի նոր կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ:

«Բժշկական ախտորոշիչ թեստերի խնդիր ունենք, խնդիր ունեն բոլորը, քանի որ հիվանդությունը նոր է, թեստը նոր է մշակվում: Սակայն այսօր առավոտյան արդեն պայմանավորվածություն ունենք մի չինական արտադրողի հետ՝ այդ թեստը ձեռք բերելու համար: Մեր դեսպանատունը մի քանի ժամվա մեջ այդ թեստերը ձեռք կբերի և կուղարկի Հայաստան, որպեսզի անհրաժեշտության դեպքում կիրառվեն»,- ընդգծեց նա։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ թեստերը կիրառվում են միայն կլինիկական ախտանշանների ի հայտ գալու դեպքում, երբ ուզում են տարբերակել այլ հիվանդություններից: Ըստ նրա՝ մինչև օրս ՀՀ քաղաքացիները, որոնք վերադարձել են Չինաստանից և ունեցել են կլինիկական ախտանշաններ՝ ջերմություն, փռշտոց, հազ, ինչպես Չինաստանի այն քաղաքացիները, որոնք ունեցել են նման ախտանիշներ, չեն ունեցել կորոնավիրուսին բնորոշ կլինիկա: Նրանց մոտ հայտնաբերվել է սովորական գրիպի վիրուս, որոշների մոտ՝ այլ ինֆեկցիաներ: «Հետևաբար, մենք 99.9 տոկոս հավանականությամբ կարող ենք ասել, որ այս պահին որևէ դեպք չունենք Հայաստանում»,- նշեց Թորոսյանը։


  • Կիսվել: