չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Հայաստանում խոսքի ազատության վիճակի մասին 2021թ. երկրորդ եռամսյակային զեկույց

Հայաստանում խոսքի ազատության վիճակի մասին 2021թ. երկրորդ եռամսյակային զեկույց

2021թ․ երկրորդ եռամսյակը լրատվամիջոցների գործունեության համար լարված  ժամանակաշրջան էր՝ կապված թե՛ շարունակվող հետպատերազմյան, թե՛ նախընտրական, թե՛ բուն ընտրությունների և հետընտրական գործընթացների հետ։

Հունիսի 20-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, արձանագրվել է ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման 4 դեպք, իսկ հունիսի 7-18-ին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, գրանցվել է ֆիզիկական բռնության 2, տարատեսակ այլ ճնշումների 5 փաստ։

Երկրորդ եռամսյակի ընթացքում կտրուկ ավելացել են քաղաքական գործիչների, պաշտոնյաների, ինչպես նաև՝ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների կողմից ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտման, լրագրողների հանդեպ անվայելուչ վերաբերմունքի դեպքերը։ Նախորդ եռամսյակի 8-ի դիմաց՝ գրանցվել է 20 այդպիսի դեպք։ Դրանց առնչությամբ ԽԱՊԿ-ը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ 5 հայտարարությամբ է հանդես եկել, որոնք նաև իրավապահների ուշադրությանն են արժանացել։

Հատկապես զանգվածային միջոցառումների ժամանակ դրանց մասնակիցները հաճախ թիրախավորել են այն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որոնք ասոցացվել են հակադիր ճամբարի քաղաքական ուժի հետ։ Սա մեդիայի ծայրահեղ բևեռվածության, հասարակության պառակտվածության և փոխադարձ անհանդուրժողականության արդյունք է։

Ապրիլ-հունիս ամիսներին կտրուկ աճել է նաև ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների դատական գործերի քանակը․ վարույթ է ընդունվել 23 նոր հայց, ինչը գրեթե կրկնակի ավելի է տարվա առաջին եռամսյակի համեմատ։

 

Ընդհանուր առմամբ, դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է ֆիզիկական բռնության 8 միջադեպ, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 43, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 15 դեպք։

  • Կիսվել: