չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հրավիրում է լուսանկարչական ցուցահանդեսի

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հրավիրում է լուսանկարչական ցուցահանդեսի

Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, FETART գեղարվեստական ​​կոլեկտիվի կողմից կազմակերպվող CIRCULATION(S) ֆրանսիական ամենամյա փառատոնի և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ, հրավիրում է 2021թ․ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում կազմակերպվող լուսանկարչական ցուցահանդեսին:

Ֆրանսիայի դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Ապրողները։ Խաչվող հայացքներ․ Ֆրանսիական և հայկական ժամանակակից լուսանկարչություն» խորագրով ցուցահանդեսը կներկայացնի հինգ երիտասարդ ֆրանսիացի և հայ լուսանկարիչների՝ Անն-Սոֆի Օկլերի, Շառլ Թիեֆենի, Ալեքսի Պազումյանի, Սոնա Մնացականյանի և Կարեն Խաչատուրովի գործերը, որոնք ներկայացնում են նրանց պատկերացումները ժամանակակից Ֆրանսիայի և Հայաստանի մասին:

«Այս ցուցահանդեսը վկայում է փնտրտուքների ընդհանրության մասին։ Առողջապահական և քաղաքական ճգնաժամերից փոթորկված համընդհանուր մթնոլորտում՝ ինչպես Արևելքում, այնպես էլ Արևմուտքում, կենսական շունչը չի կորչում, այն ամենուր է։ Միակ կարգախոսը՝ պատկերացնել հետոն, հակառակ և ի հեճուկս ամեն ինչի։ Միշտ ապրել ավելին, ավելի լավ, այլ կերպ՝ պարզապես ողջ մնալ չնայած փոթորկին։ » Հատված FETART կոլեկտիվի՝ցուցահանդեսը ներկայացնող տեքստից։

Հայաստանում ֆրանսերեն լեզվի և ֆրանսիական մշակույթի տարածումը խրախուսող Ֆրանսիայի դեսպանությունը նպատակ ունի, ճգնաժամով պայմանավորված այս դժվարին հանգամանքներում, արտահայտվելու տարածք տրամադրել երիտասարդ լուսանկարիչներին ։

Ցուցահանդեսը տեղի կունենա 2021 թ. մարտի 23-ից ապրիլի 18-ը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում (Երևան, Աբովյան փող․13): Մուտքն ազատ է: Ցուցահանդեսը բաց կլինի երեքշաբթիից կիրակի ժամը 10-ից 18-ը: Ուրբաթ օրերին ցուցահանդեսը բաց կլինի մինչև երեկոյան ժամը 20-ը, ինչը հնարավորություն կտա հայ հանդիսատեսին ուրբաթ երեկոները՝ մշակութային ժամանցի շրջանակներում վայելել ցուցահանդեսը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հրավերով ֆրանսիացի լուսանկարիչները և ցուցահանդեսի հանձնակատարները կժամանեն Հայաստան՝ իրենց հայ գործընկերների հետ շփվելու և հայ երիտասարդ լուսանկարիչների համար մասնագիտական ​​սեմինարներ կազմակերպելու նպատակով:

 

  • Կիսվել: