երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հայաստանում Չինաստանի դեսպանը կարևորում է Շիրակի մարզի հետ համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում

Հայաստանում Չինաստանի դեսպանը կարևորում է Շիրակի մարզի հետ համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում

Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը հունիսի 24-ին առաջին անգամ պաշտոնական այցով եղել է Շիրակի մարզում, հանդիպել մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ:

Շիրակի մարզից առաջին տպավորությունները լրագրողների հետ է կիսում դեսպանը, նշում է, որ շատ է հավանել Գյումրին, տեղի կլիման ավելի հով է, քան Երևանում:

«Կարծում եմ, որ երբ չին զբոսաշրջիկները գան Շիրակի մարզ, նույն տպավորությունները կունենան, ինչպես ես»,-ասաց Ֆան Յոնգը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում դեսպանը կարևորեց երկու երկրների միջև համագործակցությունը ամենատարբեր՝ մասնավորապես կրթության , առևտրաշրջանառության, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում:

«Ամենակարևորը, կարողանանք Շիրակի մարզի արտադրանքը՝ որակյալ արտադրանքը արտահանել Չինաստան, որպեսզի չինացիները էլ ավելի լավ ճանաչեն հայկական արտադրանքը և Հայաստանը»,-ասաց դեսպանը, կարևորելով Գյումրու և Չինաստանի մյուս քաղաքների հետ համագործակցությունը:

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետագա համագործակցության հեռանկարներին:

« Շիրակի մարզի պատվիրակությունը Չինաստանի Հայնան նահանգում 2019 թվականին ստորագրել է համագործակցության, փոխըմբռնման հուշագիր, որն արդեն իսկ գործնական քայլ է երկու մարզերի միջև սերտ հարաբերությունների հաստատման առումով, այսօր մենք հնարավորություն ունենք այդ հարաբերություններն առավել զարգացնել»,-նշեց մարզպետը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Շիրակի մարզում չինական Կոնֆուցիոսի դասարանի բացմանը, չինարեն լեզվի ուսուցմանն առնչվող հարցերին։ Մարզպետը վստահեցրել է, որ ինքը կլինի առաջիններից մեկը՝ չինարեն սովորելու առումով։

Դեսպան Ֆան Յոնգը շնորհակալություն է հայտնել Նազելի Բաղդասարյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների անցած 30 տարիները բավական արդյունավետ էին։

Շիրակի մարզ առաջին պաշտոնական այցի շրջանակներում Ֆան Յոնգն այցելել է նաև Գյումրու համայնքապետարան, որտեղ նրան ընդունել է փոխհամայնքապետ Դավիթ Առուշանյանը։ Այնուհետ դեսպանն այցելել է Գյումրու մարզային գրադարան, որտեղ 2018 թվականին Մշակույթի նախարարության և Հայաստանում Չինաստանի դեսպանության ջանքերով գործարկվել է շարժական գրադարան և համայնքապետարանի ենթակայության տակ գործող «Ժպիտ» նախակրթարան, որի մասնաշենքը 2019 թվականին Չինաստանի դեսպանատան միջոցներով վերանորոգվել է:

  • Կիսվել: