կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի Հանրապետության տարածքում ռեստորանը պարտավոր է ունենալ հայերեն մենյու, բայց պարտավորություն չունի սպասարկման լեզվի մասով․ «Ռեստորանների Ասոցիացիա» ՀԿ նախագահ

Հայաստանի Հանրապետության տարածքում ռեստորանը պարտավոր է ունենալ հայերեն մենյու, բայց պարտավորություն չունի սպասարկման լեզվի մասով․ «Ռեստորանների Ասոցիացիա» ՀԿ նախագահ

Օրերս սոցիալական ցանցերի հայկական սեգմենտում լայն տարածում գտավ մի տեսանյութ, որում մի կին բավական ագրեսիվ տոնայինությամբ երևանյան գարեջրատներից մեկի ռուս մատուցողներից հայալեզու ճաշացանկ էր պահանջում և դա միտումնավոր անում էր հայերեն լեզվով՝ չնայած հենց ինքը կինը ռուսալեզու էր։ Ռուս մատուցողները բնականաբար կնոջը չէին հասկանում, տարակուսել էին, նրա ագրեսիվ տոնայինությունից կաշկանդվել, իսկ կինը այդ ողջ ընթացքում նրանց տեսանկարահանում էր։ Տեսանյութի շուրջ հայաստանյան հանրության կարծիքները տարբերվում էին՝ ոմանք կնոջ վարքագիծը դատապարտում էին և գտնում, որ պետք է ավելի տոլերանտ լինել, ոմանք՝ գտնում էին, որ մինչև օտարերկրացիները չտիրապետեն հայերենի, չպետք է իրավունք ունենան աշխատել սպասարկման ոլորտում, քանզի դա է օրենքի պահանջը։ Թեմայի շուրջ InfoPort.am-ը զրուցեց «Ռեստորանների Ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանի հետ։         

1.Պ-ն Բարսեղյան, Դուք որպես սպասարկման ոլորտի բազմամյա մասնագետ, ինչպե՞ս եք գնահատում վերջերս երևանյան գարեջրատներից մեկում տեղի ունեցած հայտնի միջադեպը, երբ մի հաճախորդ բավական կոպիտ ձևով պահանջում է ռուսազգի սպասարկող անձնակազմից հայալեզու ճաշացանկ և հայերեն սպասարկում։

-Պետք է  նախ հասկանանք, էդ անձի նման վարքագծի մոտիվները և շարժառիթները։ Կոնկրետ իմ տվյալներով, այդ կինը խնդրահարույց, կոնֆլիկտային անձնավորություն է, որը երկար տարիներ ապրել ու բիզնես գործունեությունն է ծավալել ՌԴ-ում և ինչ որ պատճառով ընկել է հակառուսականության հոսանքների մեջ և այս խնդիրը հակառուսականության ծիրում է դիտարկել։ Եթե նա կամ որևէ այլ անթ որևէ հիմնարկում արձանագրում են խախտում, իրավունք չունեն փորձել ուղղել այդ խախտումը ինքնուրույն, միայն իրավունք ունեն արձանագրել դա և դիմել պատկան մարմինների՝ այդ թվում զգուշացնելով տվյալ հիմնարկի աշխատակիցներին, որ պատրաստվում ա նման քայլ անել։ Իսկ մնացած այլ գործողությունները՝ այդ թվում ինքնուրույն իր կարծիքով արձանագրված խախտումը ուղղելու փորձերը, ուղղակի ինքնիրավչություն են, որը անթույլատրելի է թե օրենքով սահմանված կարգով, թե մասնավոր հիմնարկի կանոնդրությամբ։  Ռեստորանը, բառը, կաֆեն` հասարակական վայր ու զբոսայգի չեն, դրանք մասնավոր բիզնես են և գործունեություն են իրականացնում մասնավոր սեփականության տարածքում։ Հասարակական սննդի կազմակերպությունը սպասարկում է իր կանոնների համաձայն, օրինակ` դրես կոդ, վարքագծային կանոններ, բազմապիսի արգելքներ։ Ռեստորանը իրավունք ունի ձեզ չսպասարկել, եթե դուք խախտում եք իր կանոնները, ուստի, երբ մտնում եք հասարակական սննդի օբյեկտ, բարի եղեք պահել ձեր հեռախոսը ձեր տիրույթում` մենք իրավունք ունենք ձեզ թույլ չտալ նկարահանել մեր բիզնեսի տարածքում։ Ձեր պատկերացումները մեր սպասարկման մասին դա զուտ ձեր պատկերացումներն են։

2.Այս միջադեպը լայն հանրային արձագանք ստացավ և հանրության մի մասը, որպես փաստարկ բերում էր լեզվի մասին օրենքը, մյուսը նշում, որ այդ օրենքը տվյալ խնդրո առարկան չի կարգավորում։ Դուք, որպես ոլորտի մասնագետ և կարգավորող օրենքներին և դրանց կիրառությանը քաջատեղյակ անձ, այս առնչությամբ ի՞նչ կասեք։ 

-Այո, օրենքը սահմանում է, որ ճաշացանկերը, ցուցապաստառները պետք է պարտադիր լինեն հայերեն, կից նաև այլն լեզուներով՝ ըստ ցանկության։ Հայաստանի Հանրապետության տարածքում ռեստորանը պարտավոր է ունենալ հայերեն մենյու, բայց պարտավորություն չունի սպասարկման լեզվի մասով։ Այո, եթե հաստատությունը չունի հայալեզու ճաշացանկ՝ դա օրենքի խախտում է, բայց խնդրի լուծման այն ձևը, որը կիրառել է հանրային աղմուկ հանած տեսագրության հեղինակը անթույլատրելի է և անօրինական։ Մենք պետք է, ոչ թե ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրյա անձանց ճնշենք, ստորացնենք, նեղենք, այլ օգնենք ավելի լավ ադապտացվել միջավայրին։ Օրինակ, մեր ոլորտում աշխատող օտարերկրացիների համար մոտ օրերս կանցկացվի ֆորում, որի ժամանակ նրանց ավելի մատչելի կբացատրվի օրենսդրական նրբությունները, մշակութային առանձնահատկությունները, որոնք կան և օտարերկրացին ուղղակի կարող է դրանք չհասկանալ։             

3.Շատ է խոսվում րելոկանտների ներհոսքի սպասարկման ոլորտի վրա դրական ազդեցության մասին։ Ձեր փորձը այս առնչությամբ ի՞նչ է ցույց տալիս, կա՞ն ինչ որ հաշվարկներ, նոր մշակույթ ներդնելու դրական օրինակնե՞ր։ 

-400 հազար ավանդական ռեստորանային ակտիվ այցելուներին ավելացել են ևս 100 հազար ակտիվ այցելուներ, ինչը ինչ խոսք դրական է ազդում սպասարկման ոլորտի վրա, մենք դա, անշուշտ, զգում ենք։

4.Ի՞նչ եք կարծում, այս և նման միջադեպերը որևէ ազդեցություն կունենա՞ն րելոկատների ներհոսքի և արտահոսքի սալտոյի վրա։ 

-Այո, անշուշտ, նման ագրեսիվ միջադեպերը եթե շատ լինեն, դրանք կվանեն մեր հյուրերին, բացի բիզնես տեսանկյունից, կա նաև մշակութային ասպեկտ, դա հայեցի չէ, այսպիսով մենք կկորցնենք հայի հյուրընկալության ավանդույթը, սա մեզ սազական չէ ոչ որպես հասարակություն, ոչ որպես ազգ։ Ի վերջո այդ մարդիկ մեզ ոչ մի վատություն չեն արել, ոչ մի հուրի կարգավիճակին հակասող բան չեն արել, ոչ մի անարգալից բան չեն արել, ոչ մի ագրեսիվ բան չեն արել, ընդհակառակը բոլոր ոլորտներում իրենց լավագույնս են դրսևորել։    

  • Կիսվել: