ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայաստան» համահայկական հիմնադրամի վստահությունը վնասվել է անհարկի մեղադրանքների պատճառով. Բաբկեն Թունյանը՝ Արծվիկ Մինասյանին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի վստահությունը վնասվել է անհարկի մեղադրանքների պատճառով. Բաբկեն Թունյանը՝ Արծվիկ Մինասյանին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը կազմված է 11 անդամից:

Հանձնաժողովի նախագահը «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն է: Հանձնաժողովում «Հայաստան» խմբակցությունն ունի 3 ներկայացուցիչ, «Պատիվ ունեմ»-ը՝ 1 ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 7 ներկայացուցիչ: Հանձնաժողովը ստեղծված է 6-ամսյա գործունեության ժամկետով:

«Մեր հայրենակիցների, Հայաստանին և Արցախին աջակիցների կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված գումարները փոխանցվել են ՀՀ պետբյուջե, և հանձնաժողովի առջև խնդիր է դրված փոխանցման և օգտագործման օրինականությունը ստուգելը, ուսումնասիրելն ու եզրակացություններ տալը»,-ասաց Արծվիկ Մինասյանն ու հավելեց, որ այդ կարճ ժամանակում պետք է հասնեն հանձնաժողովի առջև դրված խնդրի արդյունավետ լուծմանը:

Առաջին նիստում հանձնաժողովը հաստատեց օրակարգը:

ՔՊ-ից Բաբկեն Թունյանը նկատեց, որ հանձնաժողովը ստեղծվել է սկիզբ առած կասկածի հիման վրա․

«Իմ կարծիքով՝ այդ վստահությունը կորսվել է անհարկի մեղադրանքների պատճառով: Եթե քննիչ հանձնաժողովը վերջում գա այն եզրակացության, որ հիմնադրամի կողմից բյուջե փոխանցումը եղել է արդարացված և միջոցներն օգտագործվել են արդյունավետ, արդյոք մենք գործընկերային հայտարարո՞ւմ ենք, որ այն, ինչ մինչև հիմա հնչեցվել է, եկեք դնենք մի կողմ, իրականում խնդիր գոյություն չի ունեցել և դրանով վերականգնենք հիմնադրամի նկատմամբ վստահությունը՝ անկախ մեր քաղաքական տարաձայնություններին»։

Մինասյանն որպես հանձնաժողովի նախագահ արձագանքեց.

«Մեր նպատակը ճշմարտությունը վերհանելն է, հաստատել կամ հերքել միջոցների օգտագործման օրինականությունը, եթե կան չարաշահումներ, ապա պատշաճ ընթացք տալ և մեղավորներին բացահայտել, պատժի ենթարկել, համապատասխան վարույթները հարուցել, վերականգնել ապօրինի օգտագործված գումարը, վերականգնել այն խաթարված հեղինակությունը, որ ցավոք սրտի, հանրության տարբեր հատվածներում ձևավորվել է»:

Հանձնաժողովի նպատակն է լիարժեքորեն փարատել հանրության մոտ ստեղծված կասկածները, եթե չկան չարաշահումներ, բացահայտել, ներկայացնել դրանք:  

Մինասյանն էլ հարցրեց՝ եթե բացահայտվեն չարաշահումներ, իշխանությունը պատրա՞ստ է ճշմարիտ ձևով ներկայացնելու սխալները, թերությունները: Թունյանը վստահեցրեց, որ ավելի շահագրգիռ կողմ, քան իշխանությունն է, չկա, որ այդ պրոցեսն ամբողջությամբ խոշորացույցով անցկացվի, եթե կան չարաշահումներ, ապա հետևանքներ ունենան:

Հանձնաժողովը պետք է ընտրի նախագահի տեղակալ, հաստատի աշխատակարգը:

Հանձնաժողովը նաև հարցեր կուղղի կառավարությանը:

  • Կիսվել: